Իվանիշվիլին լուռ քվեարկեց, չմեկնաբանեց Սաակաշվիլիի վերադարձի թեման

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկարատև դադարից հետո այսօր հայտնվեց հանրության առջև:

Կնոջ հետ և ուժեղացված անվտանգության ուղեկցությամբ, Իվանիշվիլին եկել է Մթածմինդա շրջանի 4 -րդ ընտրատեղամաս՝ քվեարկելու Թբիլիսիի քաղաքապետի և սակրեբուլոյի ընտրություններին:

Բիձինա Իվանիշվիլին լուռ քվեարկել ու հեռացել է ընտրատեղամասի տարածքից՝ առանց մեկնաբանության թողնելով լրագրողների` Սաակաշվիլիի ձերբակալությանը վերաբերող հարցերը:

2021 թվականի սկզբին Իվանիշվիլին բաց նամակով հայտարարեց Վրաստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնը լքելու որոշման մասին: Միլիարդատերը  հայտարարեց, որ իր «առաքելությունն ավարտված է», նա հեռանում է  քաղաքականությունից:

Քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությանը զուգահեռ հայտնի դարձավ, որ Իվանիշվիլին իր ունեցվածքի մեծ մասը փոխանցել է իրեն պատկանող «Քարթու» բարեգործական հիմնադրամի հաշվին: