Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Վրաստանը դարձել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության բնագավառում համագործակցության ֆորումի (FSC) նախագահող երկիր, և Վրաստանի նախագահությունը պաշտոնապես մեկնարկել է ապրիլի 22-ին Վիեննայում կայացած նիստում:
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, ելույթ ունենալով Վրաստանի նախագահությամբ ԵԱՀԿ Անվտանգության բնագավառում համագործակցության ֆորումի բացման նիստին, մանրամասն խոսել է տարածաշրջանում տիրող անվտանգության միջավայրի, մարտահրավերների և Վրաստանի առաջնահերթությունների մասին:
Նախարարը նշել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության վիճակը կրկին լուրջ մտահոգություն է առաջացնում և պահանջում է անհապաղ ուշադրություն:
Բոճորիշվիլին ուշադրություն է հրավիրել ժամանակակից, արագ փոփոխվող սպառնալիքների վրա, որոնք դուրս են եկել անվտանգության ավանդական շրջանակներից: Նախարարը պարզաբանել է, որ հաշվի առնելով այս իրականությունը՝ FSC-ն պետք է ուժեղացնի ոչ միայն առկա պարտավորությունները, այլև զարգացնի համագործակցություն և նորարարական մոտեցումներ. «Վրաստանը հաստատապես հավատում է, որ համաձայնեցված սկզբունքների նկատմամբ հարգանքը և մասնակից պետությունների միջև վստահության վերականգնումը պետք է լինեն մեր ընդհանուր ջանքերի ելակետը»:
Հիմնվելով երկրի փորձի վրա՝ նախարարը պարզաբանել է, որ Վրաստանը FSC-ի շրջանակներում սատարում է կառուցողական ներգրավվածությանը և գործնական լուծումներին ու ձգտում է, որ ֆորումը մնա երկխոսության և արդյունքի վրա հիմնված համագործակցության հարթակ:
«Մեր երկիրը ստիպված է առերեսվել անվտանգության բարդ մարտահրավերների հետ, և սեփական փորձով գիտենք չլուծված հակամարտությունների, ինքնիշխանության խախտման, մասնակից պետությունների միջև վստահության խարխլման հետևանքները»,- նշել է Մակա Բոճորիշվիլին:
Բոճորիշվիլին ուշադրություն է հրավիրել ընդհանուր մարտահրավերների ֆոնին կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման վրա:
Անվտանգության բնագավառում համագործակցության ֆորումի նախագահության ռոտացիան իրականացվում է տարեկան երեք անգամ: Վրաստանը կլինի FSC-ի նախագահող երկիր մինչև 2026 թվականի սեպտեմբեր: