Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարար Վանգ Վենթաոյին:
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև առկա առևտրային հարաբերությունները և դրանց հետագա խորացման հնարավորությունները:
Կողմերը նաև ստորագրել են արձանագրություն Վրաստանի և Չինաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին, որը նախատեսում է գործող համաձայնագրի հարմարեցում ժամանակակից առևտրային միջավայրի պահանջներին, համագործակցության որոշակի ոլորտների կոնկրետացում և նոր ուղղությունների ավելացում:
«Նախարարներն ընդգծել են Վրաստանի և Չինաստանի միջև առկա ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը: Նշվել է, որ վերջին տարիներին երկրների միջև տնտեսական հարաբերությունները զգալիորեն զարգացել են: Արձանագրվել է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրաշրջանառությունն աճել է 55%-ով: Հատկանշական է, որ Չինաստանը Վրաստանի համար առևտրի առումով երրորդ, իսկ արտահանման ուղղությամբ առաջին գործընկեր երկիրն է:
Երկու երկրների նախարարները քննարկել են Վրաստանից արտահանվող արտադրանքի տեղակայումը չինական շուկայում և այդ ուղղությամբ աջակցության հարցերը՝ բազմակողմ և երկկողմ միջոցառումների միջոցով: Վրացական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը չինական շուկայի համար հատուկ օժանդակության ծրագրի իրականացման հարցում՝ նպատակ ունենալով բարձրացնելու վրացական արտահանվող արտադրանքի մրցունակությունը չինական շուկայում:
Հանդիպմանը քննարկվել են նաև Չինաստանից ավելի շատ ներդրումների ներգրավման հնարավորությունները և չինացի ներդրողների հետաքրքրությունը, հատկապես տրանսպորտի և լոգիստիկայի, ենթակառուցվածքների, նաև էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ գազի և նավթի արդյունահանման ուղղությամբ»։
Հատկանշական է, որ 2017 թվականին Վրաստանը դարձավ տարածաշրջանում առաջին երկիրը, որը Չինաստանի հետ ստորագրեց ազատ առևտրի համաձայնագիր: Բանակցություններն ավարտվեցին ռեկորդային սեղմ ժամկետում՝ յոթ ամսում, և համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2018 թվականին: