Ջահերով երթ՝ Վրաստանի մայրաքաղաքում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում,  Իսանի կայարանի մոտից այսօր ժամը 19։30-ից մեկնարկեց ջահերով երթը՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով։

Ավանդական դարձած պահանջատիրական երթի կազմակերպիչը Վրաստանի Հայ Համայնք հասարակական կազմակերպությունն էր։

Երթի մասնակիցները Հայաստանի Հանրապետության եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ ծածանելով՝ շարժվեցին դեպի Հայ առաքելական Սուրբ Էջմիածին եկեղեցի։

Բազմամարդ երթին մասնակցում էին տարբեր տարիքի անձինք, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Նշենք, որ նույնատիպ երթ է անցկացվում նաև Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցիխեում։