Ջավախքում երկու նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կբացվի

2021 թվականի հուլիսի 12-ին, ժամը 14:00-ին Ջավախքի Նինոծմինդա քաղաքում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունը: Հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա «ԱրՄաթի» պաշտոնական բացումը Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղում:

Նինոծմինդայում ԱրՄաթի հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (բարերար Արմեն Ղարսլյան), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ:

Օլավերդում ԱրՄաթի հիմնադրման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (հովանավորներ՝ ՋԱՀ-ի Պերմի ներկայացուցիչ Գրիգոր Տաշչյանի գլխավորությամբ օլավերդցի բարերարներ) Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ։

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներիային և մաթեմատիկային։
Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը:

ԱրՄաթ-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ: