Կալաձեն արձագանքել է պայթյունի հարցով քաղաքապետարանի հասցեին հնչած մեղադրանքներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արձագանքել է բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի շուրջ քաղաքապետարանի հասցեին հնչած մեղադրանքներին։ Ըստ քաղաքային իշխանության ղեկավարի, բնակարաններում գազի անվտանգության համակարգը ստուգելը չի մտնում իրենց պարտականությունների մեջ:

Հիշեցնենք՝ հունվարի 16-ի երեկոյան Թբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղամասում գազի պայթյունի հետևանքով մահացել է 4 մարդ, այդ թվում մեկ երեխա: 8 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ այս պահը Իաշվիլիի կլինիկայում շարունակում է բուժվել 4-ամյա աղջիկ, մյուսները դուրս են գրվել:

Շենքի բնակիչների խոսքով, մի քանի ժամ շարունակ նրանք գազի հոտ են զգացել, իսկ պայթյունից ժամեր առաջ ստուգման են եկել «Կազտրանսգազ- Թբիլիսի» ընկերության աշխատակիցները, որոնք ոչինչ չեն հայտնաբերել:

«Գազի և էլեկտրաէներգիայի համակարգի անցկացումը համարվում է էներգոընկերությունների պարտականությունը»,- ասել է քաղաքապետը:

«Հայտնվել են որոշ խմբեր, որոնք կամ ոչ բավարար որակավորում ունեն, կամ քաղաքական, դրդապատճառներով փորձում են հանրությանը ապատեղեկատվություն տալ՝ շահարկելով այս ողբերգությունը: Այս դեպքի առնչությամբ մեղադրում են ինձ, քաղաքապետարանին ու քաղաքապետարանի ծառայություններին»,- ասել է քաղաքապետը: