Կառավարությունը 764 մլն դոլարի օժանդակություն է ստացել միջազգային կառույցներից

Վերջին մեկ տարում Վրաստանի կառավարությունը 19 վարկային/դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ` ընդհանուր առմամբ ստանալով 764 մլն դոլար։ Այս տեղեկությունը նշված է կառավարության տարեկան զեկույցում, որն ընդգրկում է 2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի մայիս ընկած ժամանակահատվածը։

Համաձայնագիր է ստորագրվել.

  • Գերմանական զարգացման բանկ (KFW),
  • Զարգացման ֆրանսիական գործակալություն (AFD),
  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD),
  • Ասիական զարգացման բանկ (ADB),
  • Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (IBRD),
  • Եվրոպական ներդրումային բանկ (EIB),
  • ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID):

Ըստ տվյալների՝ այս գումարից 343 մլն դոլարը հայցվել է բյուջետային աջակցության ծրագրերի ֆինանսավորման համար, իսկ մոտավորապես 421 մլն դոլարը՝ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար։ Այստեղ հստակեցվում է, որ ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվող ֆինանսական միջոցները ուղղվել են կոմունալ ենթակառուցվածքների, ոռոգման, քաղաքների վերականգնման, էներգաարդյունավետության, տրանսպորտի, կրթության, էներգետիկայի և առողջապահական համակարգերի ամրապնդմանը։

«Միջազգային գործընկերների հետ համագործակցության ուղղությամբ մակրոտնտեսական կայունության և կառուցվածքային բարեփոխումների առումով ձեռք բերված առաջընթացն ուշագրավ է»,- ասված է խորհրդարան ուղարկված փաստաթղթում։

Կառավարության նույն հաշվետվության մեջ նաև նշվում է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ստորագրել 200 մլն եվրոյի չափով ֆինանսական միջոցներ ներգրավելու մասին փաստաթուղթ։ Ըստ այդմ՝ սկսվել են բանակցություններն ու խորհրդակցությունները հիշյալ կողմերի հետ.

  1. Գերմանական զարգացման բանկ (KFW),
  2. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD),
  3. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD),
  4. Զարգացման ֆրանսիական գործակալություն (AFD),
  5. Ասիական զարգացման բանկ (ADB):