Կառավարությունը Աբաշիձե-Կարասին ձևաչափի ծախսերը չի հանրայնացնում

Վրաստանի կառավարությունը 2019 թվականից ի վեր չի հանրայնացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Ժնևյան ձևաչափի (Աբաշիձե–Կարասին) համար հատկացված ծախսերը:

Տեղեկությունը տարածում է «Կառավարման մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպության նորարարական մեդիա նախագիծ Squander detector-ը, որի նպատակը բյուջետային կազմակերպությունների ծախսերը վերահսկելը և դրանց նպատակները որոշելն է:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ գրված է, որ Squander detector-ը 3 անգամ հանրային տեղեկատվություն է խնդրել կառավարությունից, սակայն, պատասխան չի ստացել, նամակները «անհետացել են»։

«Վարչական օրենսգրքի երրորդ գլխի համաձայն, պետական ​​կառույցը պարտավոր է նշված տեղեկատվությունը տրամադրել 10-օրյա ժամկետում։ Հանրությանը հայտնի չէ, թե 2019 թվականից հետո բյուջեից որքան գումար է ծախսվել Աբաշիձե-Կարասին ձևաչափի համար։

2012 թվականին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հրամանի հիման վրա Զուրաբ Աբաշիձեն նշանակվել է Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով։

Աբաշիձե-Կարասին երկխոսությունը շարունակվում է արդեն 10 տարի, բայց մինչ օրս այն էական արդյունքների չի բերել երկրի համար»,- գրել է կազմակերպությունը։

Հիշեցնենք՝ Վրաստան–Ռուսաստան Ժնևյան ձևաչափում բանակցում են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրգորի Կարասինը։