«Կախովկա ՀԷԿ»-ի պայթյունն աղետալի հետևանքներ կունենա․ Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի պայթյունին:

Պապուաշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է՝ «Կախովկա ՀԷԿ»-ի պայթյունը պատերազմի հերթական անպատասխանատու ու աղետալի հետևանքն է:

«Ռուսաստանը պետք է դադարեցնի այս դաժանությունը, որը սահմաններ չի ճանաչում և բացասաբար է անդրադառնում բոլորի վրա՝ և՛ տարածաշրջանում, և՛ նրա սահմաններից դուրս»,- ասել է Պապուաշվիլին՝ Արևմուտքին կոչ անելով ներգրավվել աղետի հետևանքները մեղմելու գործում։

Հարձակումը դատապարտել են նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին:

Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի ամբարտակը Ռուսաստանը պայթեցրել է հունիսի 6-ի ուշ գիշերը։ Տեղեկության համաձայն՝ ջուրը մեծ քանակությամբ և մեծ արագությամբ շարժվում է դեպի բնակեցված տարածքներ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն արդեն առանձնացրել է առավելագույն ռիսկայնության հինգ գոտի, այդ թվում՝ Խերսոն քաղաքի մի մասը։