Կայացել է Վրաստանի վարչապետի ու ԵԽ նախագահի հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների օրակարգի կարևոր հարցեր։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի քաղաքական հռչակագրում Վրաստանի համար նշանակալի ուղերձներ ամրագրելու և առաջնահերթ խնդիրների արտացոլման կարևորությանը։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի համար կարևոր է աստիճանաբար ինտեգրվել ԵՄ միասնական շուկայում և ամրապնդել էներգետիկ և թվային կապը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին՝ Վրաստանի եվրաինտեգրմանն աջակցելու գործում իր անձնական ջանքերի համար՝ նշելով, որ եվրաինտեգրումը վրաց ժողովրդի ճնշող մեծամասնության ընտրությունն է, և դա է Վրաստանի կառավարության հավակնոտ ծրագրի նպատակը՝ 2024 թ.-ին պաշտոնապես դիմել ԵՄ-ին լիարժեք անդամակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկրում իրականացվող բարեփոխումներին և դրանց շարունակականության կարևորությանը։

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը։