Քաղաքական մշակույթի տեսանկյունից հետխորհրդային շրջանում ենք. Զուրաբիշվիլի

«Քաղաքական մշակույթի տեսանկյունից մենք հետխորհրդային շրջանում ենք: Մենք դեռևս ամբողջովին չենք հեռացել անհանդուրժողականությունից, ինչը բնութագրում է խորհրդային համակարգը և հանդիսանում խորհրդային մտածելակերպի ժառանգությունը», — Լիտվայի հանրային հեռարձակողին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին ընդգծել է՝ Վրաստանը ժողովրդավարական հասարակություն ունի, սակայն, դա դեռևս այն ժողովրդավարությունը չէ, որը Վրաստանն է ցանկանում: «Այժմ մենք ավելի ժողովրդավարական հասարակություն ունենք, լրատվամիջոցները լիովին ազատ են, ազատություն է խոսքի արտահայտման, ինչպես նաև երկրի հասարակական ու քաղաքական կազմակերպությունների գործունեության տեսանկյունից», — ասել է Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ Վրաստանին, սակայն, դեռ անհրաժեշտ է բարձրացնել քաղաքական մշակույթի մակարդակը։

Ըստ նախագահի, Վրաստանը չպետք է կորցնի իրեն բնորոշ ու բացառիկ հատկությունը, որ կոչվում է հանդուրժողականություն: Նա ընդգծել է, որ դա անհրաժեշտ արժեք է, որ պետք է պահպանել Վրաստանում ու ողջ աշխարհում։