Քաղցկեղով հիվանդների ակցիան` Վրաստանի խորհրդարանի մոտ

Քաղցկեղով հիվանդ քաղաքացիները հերթական բողոքի ակցիան են անցկացրել։

Վրաստանի խորհրդարանի դիմաց անցկացված ցույցի հիմնական պահանջը պետբյուջեից քաղցկեղով հիվանդների բուժման համար տարեկան հատկացվող 25 հազար լարիի սահմանաչափի վերացումն ու բուժման ամբողջական ֆինանսավորումն է։

Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև լուծել դեղերի պակասի խնդիրը։

«Միություն հանուն կյանքի» կազմակերպության հիմնադիր Գվանցա Ափխաիձեն հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասել է, որ քաղցկեղով հիվանդները ամիսներ շարունակ սպասում են ֆինանսավորմանը, իսկ երկրի շուկայում անհրաժեշտ դեղամիջոցները չեն վաճառվում։

«Քաղցկեղով հիվանդները չեն կարող սպասել երկու-երեք ամիս, որովհետև քաղցկեղը արագ զարգացող հիվանդություն է: Մենք արդեն պաշտոնական նամակով դիմել ենք վարչապետին և հույս ունենք, որ վարչապետը կկապվի այս մարդկանց հետ, կհանդիպի ու կլսի նրանց խնդիրները», — նշել է Գվանցա Ափխաիձեն։