Քաշքշոց՝ Վրաստանի խորհրդարանում. քննարկում են աղմկահարույց օրենքը

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերը։

Հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին երկու անգամ տեխնիկական ընդմիջում է հայտարարել պատգամավորների բողոքի ու բղավոցների պատճառով։ 10 պատգամավորներ նախազգուշացում են ստացել, մի քանիսը լքել են դահլիճը։

Հանձնաժողովի նախագահի պահանջով հեռացվել են Սալոմե Սամադաշվիլին, Խաթունա Սամնիձեն, Թամար Կորձայան, Լևան Խաբեիշվիլին և Գիորգի Վաշաձեն։

«Սա ռուսական օրենք է, խոսնակը ստում է, սա ռուսական օրենք է»,- քննարկման սկզբում այսպես արձագանքեցին ընդդիմադիր պատգամավորները։

Խորհրդարանի շենքում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ՝ արգելափակվել է Իրավական հարցերի հանձնաժողով տանող միջանցքը, լրագրողներին թույլ չեն տալիս մտնել դահլիճ։

Խորհրդարանի շենքի մոտ ևս վիճակը լարված է։ Քննարկմանը զուգահեռ օրենսդիր մարմնի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում:

Ցուցարարները պարզել են տարբեր պաստառներ՝ «Ո՛չ ռուսական օրենքին», «Այս կանոնը ռուսական պատ է» և այլ գրություններով:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին աղմկահարույց օրինագծերը խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Օրինագծերից առաջինը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։

Երկրորդը, ԱՄՆ-ում նացիստական ​​քարոզչությունը կանխելու համար 1938 թվականին ընդունված ամերիկյան FARA օրենքի թարգմանությունն է, որը ​​վերաբերում է օտարերկրյա լոբբիստական ​​կազմակերպություններին և լոբբիստներին։

Ընդգծենք՝ օրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները հավանություն են տվել օրինագծերին: Նիստն անցել է պատգամավորների միջև ծեծկռտուքի և բողոքի ակցիաների ֆոնին։