Քննադատում են Պահպանողականների միջազգային համաժողովին վարչապետի մասնակցությունը

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը և ամերիկացի վերլուծաբան, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին խորհրդական Լինքոլն Միթչելն արձագանքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությանը Հունգարիայում անցկացվելիք Պահպանողականների միջազգային համաժողովին (CPAC):

Ֆոն Կրամոնը դիմել է Եվրախորհրդարանում «Վրացական երազանքի» գործընկեր քաղաքական խմբին և կուսակցությանը այն հարցով, թե որքանո՞վ է ճիշտ Վրաստանի իշխող կուսակցության հետ դաշինքը։

«Ձեր գործընկեր վրացական կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Սթիվ Բանոնի ծայրահեղ աջ ճամբարի և մյուսների հետ Հունգարիայում… Վստա՞հ եք, որ սա ճիշտ դաշինք է «առաջադեմ» կուսակցության համար»,- ասել է ֆոն Կրամոնը:

Միթչելի գնահատմամբ՝ Ղարիբաշվիլին այսպիսով ընդգրկվել է ֆաշիստների, ֆանատիկոսների, ընտրությունները մերժողների և Պուտինից ներողություն խնդրողների շարքում։ Միթչելի խոսքով, ինքը վստահ չէ, թե ինչ է նշանակում այս ամենը Վրաստանի ապագայի համար, թեև գիտի, որ քանի դեռ «Վրացական երազանքը» իշխանության է՝ այս ղեկավարության ներքո, Վրաստանը չի շարժվի դեպի ժողովրդավարություն, և չափազանց դժվար կլինի ամրապնդել կապերն Արևմուտքի հետ:

Հարկ է նշել, որ «Վրացական երազանք»-ը Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցության (PES) դիտորդ անդամ է, որը Եվրախորհրդարանում ներկայացված է Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական դաշինքում (S&D):

Մայիսի 4-5-ը Հունգարիայում նախատեսված Պահպանողականների միջազգային համաժողովի (CPAC) բանախոսների թվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ի դեպ, CPAC-ը պահպանողականների ամենամյա հավաք է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1974 թվականին։ Եվրոպայում CPAC-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հունգարիայում։ «Հիմնարար իրավունքների կենտրոնը» անցած տարի համաժողովը կազմակերպել էր Բուդապեշտում։ Ըստ CPAC-Hungary կայքի՝ միջոցառման հիմնական թեման «Աստված, երկիր, ընտանիք» արժեքների շուրջ էր: Այս տարվա համաժողովի կարգախոսն է` «Միասին մենք ավելի ուժեղ ենք»: