Նախագահը ԵԽ-ում ելույթ կունենա մայիսի 31-ին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 31-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանում։ Այս տեղեկությունը տարածել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ ելույթի վերաբերյալ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի պաշտոնական նամակը Զուրաբիշվիլին ստացել է ապրիլի 27-ին:

Վրաստանի նախագահի նամակն արդեն ուղարկվել է Վրաստանի կառավարություն՝ Բրյուսել այցի հավանություն ստանալու համար։

Հիշեցնենք՝ Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում պետք է ելույթ ունենար ապրիլի 18-ին, բայց նշված այցը հետաձգվեց։ Այնուհետև նախագահի վարչակազմը հայտարարեց, որ այցը հետաձգվել է Վրաստանի կառավարության կողմից հաստատման «արհեստականորեն երկարաձգված» գործընթացի պատճառով։ 

Վրաստանի կառավարությունը հերքեց դա և հայտարարեց, որ Զուրաբիշվիլին Ստրասբուրգ նախատեսվող այցի վերաբերյալ Վրաստանի կառավարությունից բանավոր հավանություն է ստացել մարտի սկզբին՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ։

Կառավարությունից հայտնել են, որ այցի մասին վերջին նամակն իրենց ուղարկվել է ապրիլի 12-ին, իսկ հաջորդ օրը նախագահին գրավոր հավանություն է տրվել ապրիլի 17-19-ը Ստրասբուրգ աշխատանքային այցի համար։