Քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի արդյունավետության բարձրացումը

Թբիլիսիում Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հյուրընկալել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարներ Ռաշադ Նաբիևին և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարներ Ադիլ Կարայսմայիլօղլուին:

Հանդիպման հիմնական թեման եղել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տրանսպորտային միջանցքի զարգացումը և մրցունակության բարձրացումը:

Նախարարներն առանձնացրել են Ասիան և Եվրոպան կապող տարանցիկ-տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որի զարգացման հարցը մեծանում է վերջին քաղաքական-տնտեսական իրադարձությունների ֆոնին. այն դառնում է Արևելքը և Արևմուտքը կապող ամենագրավիչ երթուղիներից մեկը:

«Շատ կարևոր է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունը տարանցման, տրանսպորտային և լոգիստիկ ուղղությամբ։ Հանդիպմանը կոնկրետ որոշումներ են ընդունվել, որոնք անշուշտ կնպաստեն միջանցքի մրցունակությանը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Մենք քննարկել ենք ընթացիկ, կոնկրետ խնդիրներն ու լուծումներ են մշակվել, որպեսզի արագացնենք բեռնաշրջանառությունը, ինչը թույլ կտա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ենթակառուցվածքներով էլ ավելի շատ բեռներ փոխադրել և վերջապես ստեղծել առկա տարանցիկ և տրանսպորտային ուղիների իրական այլընտրանք»,- ասել է Դավիթաշվիլին:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կարայսմայիլօղլուն խոսել է եռակողմ հանդիպման կարևորության մասին։ Նրա խոսքով, որքան շատ լինեն երեք երկրները կապող տրանսպորտային միջանցքները, այնքան ավելի ամուր կլինեն եռակողմ բարեկամական հարաբերությունները։

Հանդիպմանը նախարարները քննարկել են ներկա իրավիճակը, հետագա զարգացման հեռանկարներն ու ուղղությունները, որոշումներ են կայացրել՝ կապված Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային փոխադրումների ավելացման և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նոր նախագծի շինարարության ժամանակին ավարտի հետ։

«Մեր երկրները՝ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը, այս միջանցքի կարևոր մասն են։ Այսօր մենք հավաքվել էինք քննարկելու այս միջանցքի կարևոր նախագծերից մեկը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը։ Մեր նպատակն է բարձրացնել այս միջանցքի արդյունավետությունը՝ վերանայելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են սակագների կարգավորումը, բլոկային փոխադրողների համատեղումը և սահմաններից դուրս կանոնակարգերի ու գործունեության համաժամանակացումը»,- ասել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարներ Ռաշադ Նաբիևը: