Քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության հարցեր

Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի ՆԳ դաշնային նախարար Նենսի Փեզերի հետ։

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության հարցեր, քննարկել հետագա հարաբերությունների հեռանկարները։

Գոմելաուրին ընդգծել է գերմանական իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել գերմանական կողմին Վրաստանի ՆԳՆ կարողությունների զարգացման գործում շարունակական աջակցության համար։

«Հատուկ ուշադրություն է դարձվել անօրինական միգրացիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև ոստիկանության կցորդների դերին այս հարցում։ Վախթանգ Գոմելաուրին պատրաստակամություն է հայտնել վրացի ոստիկաններ ուղարկել Գերմանիայի ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներ և պարզաբանել է, որ դա կնպաստի կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին, նաև՝ անօրինական միգրացիոն հոսքերի վերահսկմանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Գերմանական կողմը նշել է, որ Վրաստանը հաջողությամբ իրականացնում է Եվրամիության հետ ռեադմիսիայի համաձայնագիրը։ Նշվել է նաև, որ Գերմանիայի ու Վրաստանի միջև համագործակցությունն այս ուղղությամբ արդյունավետ է իրականացվում։ Նաև դրական են գնահատվել Վրաստանում իրականացվող միջոցառումները և ընթացիկ բարեփոխումները, որոնք գործարկվել են ի պատասխան Եվրամիության հետ առանց վիզայի երթևեկության մարտահրավերների։

Գերմանական կողմը նաև ցանկություն է հայտնել ստեղծել երկկողմ աշխատանքային խմբեր՝ Վրաստանի տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիներին Գերմանիայում օրինական աշխատելու հնարավորություն տալու համար։

Հանդիպման ավարտին Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի դաշնային նախարարին հյուրընկալության համար և նրան հրավիրել Վրաստան։