Քննարկել են Թբիլիսի-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հարցեր

Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգը և տարբեր ոլորտներում առկա համագործակցության ամրապնդման ու խորացման համար ձեռնարկվելիք քայլերն են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակի քննարկման թեման:

Ղարիբաշվիլին և Հակը քննարկել են եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացը։ Հակը շնորհավորել է Վրաստանի կառավարության ղեկավարին Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականի կապակցությամբ։ Վարչապետը նշել է՝ երկիրը սպասում է Եվրոպական խորհրդի դրական որոշմանը թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ։

«Ղարիբաշվիլիի խոսքով, Եվրամիությանն ինտեգրումը Վրաստանի կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է։

Քննարկված հարցերի թվում էին նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Իրակլի Ղարիբաշվիլին և Ջոշուա Հակը կարծիքներ են փոխանակել այս ուղղությամբ։ Կառավարության ղեկավարն ընդգծել է հակամարտությունների խաղաղ կարգավորման և գլոբալ մարտահրավերների դեմ միասնական ջանքերի կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող անվտանգության և հումանիտար իրավիճակը»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հակին՝ Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և եվրոպական ինտեգրման ճանապարհին ԱՄՆ բացահայտ աջակցության համար։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դաննիգանը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։