Քննարկել են Վրաստանի հայ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հետ հանդիպմանը հետաքրքրվել է Վրաստանի հայ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց ինտեգրման և ինքնակառավարման մակարդակով որոշումների կայացմանը ներգրավելու հարցերով:

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ երկու երկրների օմբուդսմենները հանդիպել են դեկտեմբերի 1-ին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանում և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, խոսել երկու երկրների մարդու իրավունքների պաշտպան կառույցների միջև ապագա համագործակցության հիմնական մարտահրավերների, աշխատանքի առանձնահատկությունների և խնդիրների մասին:

ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի փոխանցմամբ՝ Թբիլիսի կատարած երկօրյա այցի շրջանակներում Մանասյանը հանդիպել է Վրաստանի հանրային պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ:

Հանդիպման ընթացքում խորհուրդների անդամները Մանասյանին են ներկայացրել իրենց գործունեության ուղղությունները, նպատակներն ու խնդիրները։

Մանասյանը խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Վրաստանում հայերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է իրենց իրավունքների պաշտպանությանը և խթանմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում Մանասյանը հատուկ ընդգծել է, որ սերտ կապի մեջ է վրաց գործընկերների հետ և պարբերաբար քննարկում է նաև հայ համայնքի իրավունքներին վերաբերող հարցեր։

«Անահիտ Մանասյանը նաև հայտնել է, որ ստեղծվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ: Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ վրացական համայնքից: Ներկայացվել են նաև խորհրդի ստեղծման և գործունեության նպատակներն ու աշխատանքի ուղղությունները:

Հանդիպման շրջանակներում Վրաստանի հանրային պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ»,- նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Երկու երկրների հանրային պաշտպանները դեկտեմբերի 1-ին մասնակցել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) վրաստանյան գրասենյակի կազմակերպած Օրենքի գերակայության բարելավում և արդարադատության մատչելիություն տարածաշրջանային համաժողովին:

Երկօրյա համաժողովին ներկա Վրաստանի, Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մարդու իրավունքների ազգային ինստիտուտների և իրավական օգնություն տրամադրող պետական ​​մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրներում օրենքի գերակայության և արդարադատության, ինչպես նաև ամենախոցելի խմբերի՝ տարբեր միջոցառումների մատչելիության փորձը և այլն:

Համաժողովի շրջանակներում մասնակից երկրների ներկայացուցիչները ստորագրել են պետության երաշխավորած իրավաբանական օգնության առկայության մասին Թբիլիսիի հռչակագիրը ներքին տեղահանվածների համար։ Հռչակագիրը սահմանում է մարդակենտրոն արդարադատության հասանելիությունը խթանելու տարածաշրջանային չափանիշներ և ամրապնդում է համակարգումը Վրաստանի, Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պետական ​​իրավական օգնություն տրամադրողների միջև: