ԵՄ թեկնածուի կարգավիճակի համար Վրաստանն ավելին կարող էր անել. ԵՄ դեսպան

Վրաստանը շատ բան է արել Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, թեև կարելի էր ավելին անել, ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին:

Ըստ նրա՝ վերջին օրերին ևս բազմաթիվ նոր նախաձեռնություններ են եղել ի նպաստ բարեփոխումների: Նրա խոսքով, բարեփոխումները պարտադիր են այս և հետագա քայլերի համար` մինչև Վրաստանը դառնա Եվրամիության լիիրավ անդամ:

Դեսպանը հույս է հայտնել, որ 27 պետություններ հաշվի կառնեն նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի տված դրական հանձնարարականը։

«Ուրախ եմ, որ կառավարությունը շատ արագ գործեց և մի քանի օր առաջ Բրյուսել ուղարկեց 9 քայլից բաղկացած գործողությունների ծրագիրը։ Եվրահանձնաժողովի իմ գործընկերները կվերանայեն այս գործողությունների ծրագիրը, և կարձագանքեն: Բոլորը պետք է միասին աշխատեն այս 9 քայլերն ավարտին հասցնելու համար, ինչը պահանջում է ներառականություն իշխանությունից և կառուցողական մոտեցում ընդդիմությունից»,- radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Հերչինսկին։

Նշենք՝ Եվրահանձնաժողովը նոյեմբերի 8-ին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց: Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունում է այն վերապահումով, որ երկիրը քայլեր կձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։

Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկիր, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։

Ի դեպ, Եվրահանձնաժողովը կանաչ լույս է տվել Ուկրաինային և Մոլդովային՝ սկսելու ԵՄ անդամակցության բանակցությունները, ինչը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հարցում հաջորդ քայլն է

Ընդգծենք՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականի մարտին։ Նույն տարվա ամռանը Մոլդովան և Ուկրաինան ստացան թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը ստացավ եվրոպական հեռանկար և 12 հանձնարարականներ, որոնք պետք է իրականացվեն կարգավիճակ ստանալու համար։