«Ջորջիան Մանգանեզ»-ի հանքագործները կրկին գործադուլ են անում

Գործադուլ անող հանքագործների և Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության ներկայացուցիչների հանդիպումն անարդյունք է ավարտվել:

Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին՝ ընկերության գրասենյակում, տևել է 4 ժամ: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի՝ դեկտեմբերի 5-ին։

Ճիաթուրայի Դարկվեթի գյուղի հանքավայրի աշխատակիցներն արդեն 4-րդ օրն է գործադուլ են անում և հրաժարվում են կատարել իրենց աշխատանքը։ Այս փուլում դադարեցված է 13 հանքի աշխատանք։

Հանքագործների պահանջն է՝ 12-ժամյա աշխատանքային գրաֆիկից անցում կատարել,  այսպես կոչված, հերթափոխի ռեժիմի, ինչը ամսական 15-օրյա աշխատանք է ենթադրում: Հանքագործները պահանջում են նաև աշխատավարձի բարձրացում, սակայն, ըստ նրանց՝ «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը հրաժարվում է բավարարել այդ պահանջը։

Նշենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ «Ջորջիան Մանգանեզ»-ի աշխատակիցներն ընդվզում են ընկերության դեմ և աշխատավարձի բարձրացում պահանջում: Այս տարվա հունիսին ևս հանքագործները պահանջում էին աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում: Այն ժամանակ հանքափորների իրականացրած գործադուլի, բողոքի ակցիաների ֆոնին ընկերությունը պատրաստակամություն հայտնեց բավարարելու գործադուլավորների բոլոր պահանջները, բացառությամբ աշխատավարձի պահանջվող տոկոսային բարձրացման։

«Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն այն խոշոր ընկերություններից է, որը միավորում է Զեստափոնիի ֆեռոհամաձուլվածքների գործարանը, Ճիաթուրայի լեռնահարստացման կոմբինատը, Վարցիխիի հիդրոէլեկտրակայանը և «Փերոմեդ» կլինիկան։ Ընկերությունը բարձրորակ ֆեռոհամաձուլվածքների խոշորագույն արտադրողն ու արտահանողն է։ Նրա արտադրանքը միջազգային շուկայում գնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Ռուսաստանը և այլն։