Քննարկել են Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ հանդիպման հիմնական թեման եղել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։

Վրաստանի կառավարության ղեկավարը Եվրոպական խորհրդի նախագահին է ներկայացրել Վրաստանի ջանքերը Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների կատարման ուղղությամբ և նշել, որ այդ գործընթացում կառավարությունը մշտական ​​խորհրդակցություններ է անցկացնում Եվրամիության կառույցների և անդամ երկրների հետ, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (OSCE/ODIHR) հետ:

«Վարչապետը, մասնավորապես, ընդգծել է տարեվերջին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը։

Վարչապետի խոսքով՝ առաջարկությունների մեծ մասն իրականացվել է, և ձեռք բերված առաջընթացի համաձայն՝ Վրաստանն արժանի է տարեվերջին թեկնածուի կարգավիճակ ստանալուն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Խոսելով ասոցացման համաձայնագրի, Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի տարածքի համաձայնագրի, առանց վիզայի ճանապարհորդության և եվրոպական հեռանկարի տրամադրման մասին, Ղարիբաշվիլին նշել է, որ եվրաինտեգրման ճանապարհին դրանք այն առաջընթացներն են, որոնց Վրաստանը հասել է ներկայիս իշխանության օրոք։

Կողմերը խոսել են նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմի և տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա դրա ազդեցության մասին։