Քննարկվել է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման ընթացքը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իրեն Փելինի հետ, հաղորդում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի «բաց դռների քաղաքականությունը» և Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը շատ առումներով հանդես է գալիս որպես դաշնակից, և ողջունելի է Վրաստանի նկատմամբ դաշնակիցների համապատասխան աջակցության միջոցների ձեռնարկումը, որոնք կօգնեն ավելի ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունը։

«Նշվեց, որ Վրաստանը միշտ եղել է Դաշինքի ամենավստահելի և կարող գործընկերներից մեկը և ամենամեծ ներդրումն է ունեցել ընդհանուր եվրատլանտյան անվտանգության գործում։ Հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության միջավայրն ու մարտահրավերները տարածաշրջանում և աշխարհում։ Ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը սևծովյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում։

Քննարկված հարցերի թվում էր մարդու իրավունքների պաշտպանության երկրորդ ազգային ռազմավարությունը, որը հաստատվել է Վրաստանի կառավարության կողմից 2022 թվականին և ընդգրկում է 2022-2030 թվականները։ Նշվել է, որ ռազմավարությունը էական ուշադրություն է դարձնում գենդերային հավասարությանը և նախատեսում է իրավահավասարության և խտրականության դեմ օրենսդրության շարունակական կատարելագործում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման 2022-2024 թվականների Վրաստանի գործողությունների ազգային ծրագրին» և «Կանանց և ընտանեկան բռնության դեմ պայքարի և զոհերի պաշտպանության 2022-2024 թվականների գործողությունների ծրագրին».

«Նշվեց, որ երկու փաստաթղթերն էլ ներառում են կոնկրետ գործողություններ և նպատակ ունեն խթանել գենդերային հավասարությունը մի շարք ոլորտներում։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վինիկովը և ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն»: