Քվեմո Քարթլիում լվացքի կեղծ միջոցների վաճառքի դեպք է բացահայտվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով, ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է երեք անձ՝ ուրիշի ապրանքանիշի առանձնապես խոշոր չափերով ապօրինի օգտագործման փաստով։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով, Քվեմո Քարթլիի շրջանի բնակելի տներում ստեղծել են արհեստագործական արտադրամաս, որտեղ փաթեթավորել են ֆիրմային լվացող միջոցների էժան տարբերակները՝ PERSIL, ARIEL, ABC, TIDE, BINGO, OMO, AMO և SAVEX ապրանքային նշանների անօրինական օգտագործման միջոցով:

Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է վաճառքի համար նախապատրաստված լվացող կեղծ միջոցների 1 386 փաթեթ՝ տարբեր չափերի, որոնց ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 44 հազար լարին»,- հայտնել են ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, հետաքննություն է անցկացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, որը նախատեսում է ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով։