Կորոնավիրուսային պատումներ. Սա էլ կանցնի

Կորոնավիրուսը շատ անսպասելի, անկոչ հյուրի նման ներխուժեց մեր կյանք՝ տուն, փողոց, բակ և ամենացավալին՝ դպրոց:

Սկզբում երկար մի բառ էր՝ականջին անսովոր, ոչինչ չասող, բայց քանի որ դրա մասին դեռ երկար պիտի խոսեին, ժամանակի ընթացքում ընդունեց ավելի կարճ ձևեր. տարածվեց, տարածվեց… Հիմա հաճախ են իրար հարցնում՝ «կոռոնա՞ ես»: Վարակը օդակաթիլային էր և այդ պատճառով էլ դիմակ կրելը դարձավ պարտադիր: Դիմակները իրենց հերթին կատարվում են ձևավոր, բազմագույն՝ հարմարեցվելով մարդկանց հագուստի հետ: Էկրանի վրա, հաղորդավարի թիկունքում պարբերաբար լողացող խայտաբղետ «կոռոնավիրուսիկներն» էլ իրենց խաղն են պարտադրում՝ ամբողջացնելով օրվա «խրախճանքը»:

Կորոնավիրուսը «բռնել է ամբողջ օդը»: Հիմա էլ պահանջում է, որ իր մասին շարադրություն գրեն: Շարադրություն գրելը ինքնին ստեղծագործական աշխատանք է: Ստեղծագործում ես այն ժամանակ, երբ տպավորվում ես, իսկ տպավորվում ես գեղեցիկով: Գարուն է. շուրջը երփներանգ ծաղիկներ, կանաչ բնություն, օդը հագեցած է թռչունների դայլայլով, կարծում եմ` յոթ հարյուր բառը մեծ շռայլություն կլիներ կորոնավիրուսի թեմայի համար, որը և՜ կա, և՜ չկա (ժամանակի ընթացքում համոզվում ես). մտածում եմ, որ վիրուսի մասին ավելի շատ խոսում են, քան վախենում:

09.05.2021-Այսօր մայիսի 9-ն է, այս տարի էլ, ինչպես անցած տարի, կգործեն սահմանափակումներ կապված տոնական միջոցառումների հետ, ափսոս, որ չենք կարողանա այցելել Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձանին, ծաղիկներ խոնարհել: Նույնը Սուրբ Զատիկի տոնին էր: Այսքանով ամեն ինչ վերջացած է: Անընդհատ սահմանափակումներ, սահմանափակումներ… Ուզում եմ ասել, որ կորոնավիրուսը առաջին հերթին սահմանափակում է:

Մեր դպրոցը: Մեզ՝ երեխաներիս համար շատ թանկ է մեր դպրոցը: Այն մի փոքրիկ աշխարհ է այս մեծ աշխարհում, ամուր ընտանիք, և մեր մտքով երբեք չէր անցնի, որ մի օր կխաթարվի մեր դպրոցի անդորրը: Դա զգացվեց հենց առաջին օնլայն դասի ժամանակ, չէ որ ոչինչ չի կարող փոխարինել կենդանի շփմանը: Բայց քանի որ սովորելու ցանկությունը մեծ է, մենք փորձում ենք հաղթահարել: Բացի այդ, ամեն ինչից պետք է քաղել օգտակարը: Օրինակ՝ ավելի լավ ես ծանոթանում տեխնիկային և ամենակարևորը, արժևորում ես ամեն անցկացրած պահ մտերիմներիդ հետ, սկսում ես նկատել բաներ, որ մինչ այդ չես նկատել, գնահատել ժամանակը, ժամանակ, որը անվերադարձ է: Մի շատ կարևոր բան էլ՝ սկսել ենք ավելի շատ գրքեր կարդալ:

Ախր շատ է խանգարում կորոնան. պարետային ժամի պատճառով չեմ կարողանում հաճախակի այցելել տատիկիս. նա ուրիշ գյուղում է ապրում: Այնտեղ նաև ընկերուհիներ ունեմ, շփվում ենք օնլայն, երբ պարետային ժամը հանվի կլրացնենք նաև այդ բացը, հաճախակի կտեսնվենք, միմյանց կպատմենք մեր տպավորությունների մասին, ուղղակի կզբոսնենք…

Մենք երազում ենք, ապագայի պլաններ կազմում, մեր միտքը սավառնում է ավելի հեռուն, բայց իրականությունն այլ է, երբեմն այն ստիպում է մեզ ապրել ներկայով: Դա չի նշանակում հանձնվել, պարզապես պետք է իրատես լինել: Կյանքում ամեն ինչ հաղթահարելի է:

Այսօր, երբ կորոնավիրուսը իր հետ բերած խնդիրներով անուղղակիորեն «միավորել է» մարդկությանը, ամբողջ աշխարհը կարծես փոքրացել է, զգում ես «ափիդ մեջ», մի տեսակ թվում է, որ մինչ այդ մեզ բոլորիս ծանր թվացող խնդիրներն էլ են փոքրացել: Չէ որ մարդկությունն իր պատմության ընթացքում շատ խնդիրների է բախվել՝ պատերազմներ, բնական աղետներ, համաճարակներ և հաղթահարել է այդ ամենը՝ շնորհիվ լավատեսության, կամքի ուժի, հույսի: Այս համաճարակը մարդկությանը նետված հերթական մարտահրավերն է՝ «չար կատակ»:
Ամեն լուսաբացին մեր գլխավերևում ծագող արևը այլ բան է հուշում:
Սա էլ կանցնի…

Աստղիկ Խաչատրյան

Մառնեուլի, Դամիա

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: