Կովիդի պատվաստանյութերից ո՞րն ու ի՞նչ քանակով ձեռք կբերի Վրաստանը. Գամկղրելիձեի բացատրությունը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի պատվաստանյութով ընտրյալ խմբերի պատվաստումը կմեկնարկի դեկտեմբերին, իսկ մեծամասշտաբ հասանելիություն կլինի արդեն գարնանը: Այս մասին նա համակարգող խորհրդի նիստից հետո է հայտարարել:

Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում հասանելի կլինի այն պատվաստանյութը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կհաստատվի:

«Մենք Կովաքս հարթակի անդամ ենք, որն աշխատում է Գավիալիանսի բազայի վրա: Գավիալիանսը պատվաստանյութերի գլոբալ դաշինք է և մենք միացել ենք նրանց դեռևս 2001 թվականին: Նրանց հետ սերտ համագործակցություն ունենք և այս հարթակը կվաճառի մի քանի պատվաստանյութ, որոնք հաստատված կլինեն երեք հիմնական կենտրոնների՝ Ամերիկայի դեղորայքի գործակալության, Եվրոպայի դեղորայքի գործակալության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,- նշել է Գամկղրելիձեն:

Նրա խոսքով՝ Վրաստանն այս փուլում 700 հազար մարդու համար պատվաստանյութի պատվեր է կատարել:

«Բոլոր այս պատվաստանյութերն արվում են երկու անգամ, երեք կամ չորս շաբաթը մեկ անգամ, այդ պատճառով անհրաժեշտ է  1 400 000 դոզա»,-  բացատրել է Գամկղրելիձեն և ավելացրել, որ սա մոտավորապես 17 մլն դոլար կարժենա, որից 4 մլն նախնական վճարումն արդեն արվել է: