«Չենք հանդուրժի ներառական կրթության վերացումը», — այս խորագրով այսօր ցույց կանցկացվի Վրաստանի կրթության նախարարության մոտ։
Ցույցը կսկսվի ժամը 14։00-ին. ցուցարարները պահանջում են, որ Ներառական կրթության զարգացման վարչությունն անհապաղ վերականգնվի։
«Կրթության և գիտության նախարարությունը լուծարել է Ներառական կրթության զարգացման վարչությունը՝ միակ կառույցը, որը համակարգված աշխատել է հաշմանդամություն ունեցող երեխաների համար հավասար կրթության ուղղությամբ։ Այս որոշումը կայացվել է լուռ՝ առանց համաձայնության, առանց հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողների և ոլորտի մասնագետների մասնակցության»։
Ներառական կրթությունը հիմնարար իրավունք է, որը պետությունը պետք է պաշտպանի։ «Վերակազմակերպման» մասին կառավարության հայտարարությունն իրականում նշանակում է մասնագետների հեռացում և տարիների ընթացքում կուտակված գիտելիքների ոչնչացում»,- գրել են կազմակերպիչները։
Նրանց խոսքով` նման որոշումները պետք է կայացվեն հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի, ծնողների և մասնագետների ներգրավմամբ։