Լարս տանող ճանապարհը փակ է. Կղազբեգիում բեռնատարների կուտակումներ են

Վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը վատ եղանակի պատճառով սահմանափակումներով է գործում։

Վարորդներն ու ուղևորները Կղազբեգիում սպասում են իրենց հերթին։

Հունվարի 11-ից երթևեկությունն արգելված է Գուդաուրի-Կոբի հատվածում` մրրիկի եւ ձնահոսքի վտանգի պատճառով։

Տեղական իշխանությունների կողմից վարորդները ջրով  ու սննդով են ապահովվել, որոշ ուղևորներ տեղավորվել են հյուրանոցներում։

Տեղում պարեկային ոստիկանության ու ճանապարհային դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման շուրջօրյա հսկողություն է սահմանված, երբ կբացվի ճանապարհը, չի հաղորդվում։

Նշված ավտոմայրուղին Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի դաշնության հետ կապող միակ ցամաքային ուղին է։

Վրաստանի ցամաքային սահմանները պանդեմիայով պայմանավորված փակ են 2020-ի մարտից։ Բացառություն է արված միայն բեռնափոխադրումների ու հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար։