Լաշա Չխարտիշվիլիին դատարանը իրավախախտ է ճանաչել

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Լեյբորիստական կուսակցության» անդամ Լաշա Չխարտիշվիլիին իրավախախտ է ճանաչել և տուգանել 3 հազար լարիով: Այս մասին գրում է  Publika-ն:

Ոստիկանությունը նրան մեղադրում էր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջների չենթարկվելու մեջ:

Չխարտիշվիլին դատարանի որոշումը որակում է որպես անձնական վրեժխնդրություն:

«Սա ռեկորդային տուգանք է… առանց որևէ ապացույցի դատավորը նման որոշում կայացրեց»,- հայտարարել է Չխարտիշվիլին:

Նշենք, որ հունվարի 3-ին ակտիվիստները խորհրդարանի մոտ ցույց էին կազմակերպել: Նրանք բողոքում էին դեկտեմբերի 31-ին որդեկորույս Մալխազ Մաչալիկաշվիլիի վրանը խորհրդարանի շենքից հեռացնելու և փոխարենը զվարճանքի համար նախատեսված իրեր տեղադրելու դեմ: Ինչպես նաև ակտիվիստները համերաշխություն էին հայտնում առևտրականներին, որոնց քաղաքապետարանը ստիպում էր Հանրապետության հրապարակից տեղափոխվել խորհրդարանի մոտ:

Առևտրականներից շատերը հայտարարում էին, որ «չեն կարող փուչիկներ վաճառել մի վայրում, որտեղ լացում էր որդեկորույս հայրը»: