Լավագույն ուսուցչի համար մեկ միլիոն լարի են հավաքում

Վրաստանի բնակիչներն ու ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերն արշավ են սկսել, որի նպատակը մեկ միլիոն լարի հավաքելն է (ավելի քան 370 հազար դոլար)՝ Չիբատի գյուղի ուսուցիչ Լադո Ապխազավայի համար:  Վերջինիս չի հաջողվել հաղթել The Global Teacher Prize մրցույթի գլխավոր մրցանակը, բայց հայտնվել է աշխարհի լավագույն մանկավարժների տասնյակում: The Global Teacher Prize-ի մրցանակաբաշխության արարողությունը, որը վարում էր հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը, անցկացվել է մարտի 24-ին՝ Դուբայում: Եզրափակչի 10 մասնակիցներից հաղթող է ընտրվել Քենիայից Պիտեր Տաբիչին, նրան էլ շնորհվել է միլիոնը:

Այս տարի մրցույթին մասնակցության տասը հազար հայտ է ստացվել՝ աշխարհի 179 երկրից: Ապխազավան ցուցակում է հայտնվել՝ նախ 50, ապա 10 մասնակցի հետ: Բացի այդ՝ մարտի 22-ին նա դարձել է «Վարկի» միջազգային բարեգործական հիմնադրամի դեսպան, հենց հիմնադրամին է պատկանում մրցույթի անցկացման նախաձեռնությունը:

Գումար հավաքելու ակցիան սկսել է ձեռնարկատեր Անա Միկաձե-Չիկվաիձեն, նա էլ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ապխազավայի հաշվեհամարը: Շատ օգտատերեր հավանության են արժանացրել գաղափարն ու սկսել գումարներ փոխանցել Չիբատիի ուսուցչի հաշվին: 42-ամյա Լադո Ապխազավան ասել էր, որ մրցույթում հաղթելու դեպքում գումարը ծախսելու է բարեգործական նպատակներով, ստեծելու է ջերմոցային տնտեսություններ ու փոքր ձեռնարկություններ, ինչպես նաև օգնելու էր ֆինանսական աջակցության կարիք ունեցող ուսանողներին:

Ապխազավան ուսումնական գործընթացում օգտվում է պրակտիկ ուսուցման մեթոդից, նա վստահ է, որ ուսուցիչը կարող է հետաքրքրել ցանկացած ուսանողի: Նա «Ժողովրդավար հեղափոխություն» ծրագրի հեղինակն է, որի նպատակն է ակտիվացնել աշակերտին, իրականություն դարձնել նրա գաղափարներն ու նախաձեռնությունները:

Լուսանկարը՝ Ապխազավայի ֆեյսբուքյան էջից