Լեհաստանի քաղաքացիների վրա հարձակման գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ երեք լեհ քաղաքացիների նկատմամբ բռնության միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է ևս մեկ անձ։

Դեպքի շրջանակներում ձերբակալված է երեք անձ։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով։

«Մեղադրյալները, Թբիլիսիի ռեստորաններից մեկի մերձակայքում մի շարք վնասվածքներ են պատճառել երեք լեհ քաղաքացիների, իսկ ֆիզիկական բախման ժամանակ մեղադրյալ Է.Գ.-ն բութ գործիքով հարձակվել է նրանց վրա։

Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է ինտենսիվ ռեժիմով, և իրականացվում են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով», — ասված է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Թբիլիսիում հարձակման են ենթարկվել Լեհաստանի 3 քաղաքացիներ։ Տեղեկությունն առաջինը տարածել էին լեհական լրատվամիջոցները՝ հղում անելով Լեհաստանի սահմանապահ ծառայության հրամանատարությանը։

Ավելի ուշ հայտարարություն տարածեց նաև Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նախարարությայն հաղորդագրության՝ միջադեպի գործով ձերբակալվել էին Վրաստանի երկու քաղաքացիներ՝ 2004 թվականին ծնված Ս.Ջ.-ն և 1985 թվականին ծնված Է.Գ.-ն, որը նախկինում դատապարտվել է տարբեր ծանր հանցագործությունների համար։ Այսօր ձերբակալվել է երրորդ անձը։