Ղարիբաշվիլին հանդիպել է Սլովակիայի ԱԳ նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ։

Կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը կողմերը կարևորել են ամենատարբեր ոլորտներում համագործակցության խորացումը, առանձնացնելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և զբոսաշրջության ոլորտում համագործակցության ամրապնդումը։ 

Անդրադարձ է եղել համավարակի հետ կապված մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությանը։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի ԱԳ և եվրոպական գործերի նախարարին՝ COVID-19-ի հետևանքների դեմ պայքարում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ 2024-ին Վրաստանը Եվրամիությանը լիիրավ անդամակցելու հայտ կներկայացնի։ Նա նաև հաստատել է՝ «ասոցացված եռյակի» (Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի) հավատարմությունը եվրոպական ձգտումներին։ 

Հանդիպմանը Վրաստանի կառավարության ղեկավարը կարևորվել է Սլովակիայի մասնակցությունը ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի իրականացմանը։

Իվան Կորչոկը վերահաստատել է Սլովակիայի վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Վրացական կողմը ուշադրություն է հրավիրել շփման գծին մոտ ապրող քաղաքացիների խնդիրների վրա։ Իվան Կորչոկը, ի դեպ, այսօր անձամբ տեղում  կծանոթանա իրավիճակին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունում սլովակ դիտորդների մասնակցության համար:

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր