Ուսանողությունը՝ թվերով, կամ ի՞նչ արժե դիպլոմը

Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով ընդունվողների թիվը Թբիլիսիում շարունակում է աճել: Մայրաքաղաքում սովորելու ամենաառաջին պատճառն ըստ ուսանողների՝ «հեշտ» ընդունվելու հնարավորությունն է, որին նաև գումարվում է պետական լեզվին տիրապետելու մեծ ցանկությունը: Եթե վրացի դիմորդները բուհեր ընդունվելու համար պետք է հանձնեն 4 քննությունն, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հանձնում են միայն մեկը՝ ընդհանուր ունակությունների քննությունը, որը բաղկացած է երկու մասից՝ մաթեմատիկա և տրամաբանություն:

Հետևելով վերջին տարիների վիճակագրությանը, Թբիլիսիում հայազգի ուսանողների քանակը գնալով ավելանում է: Օրինակ, Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տվյալներով, եթե 2016 թվականին քննություններին նվազագույն շեմը հաղթահարել էր 243 հայ դիմորդ, 2017-ին այն կազմում էր՝ 274: Զգալի աճ գրանցվեց 2018 թվականին, երբ ընդունվող դիմորդների քանակը կազմեց 316 հոգի, իսկ այս տարի՝ 2019 թվականին այն հասավ 343-ի:

Հատկանշական է, որ Վրաստանի կրթության նախարարության կողմից 100 հայազգի և 100 ադրբեջանցի ամենաբարձր բալ հավաքող ուսանողները ստանում են դրամաշնորհ՝ 5 տարի սովորելով անվճար: Ուսման վարձը, թերևս ամենամեծ խնդիրն է, որի պատճառով ընդունված ուսանողների գրեթե կեսը չի անցնում վերջնական գրանցումը և մեկնում է այլ տեղ սովորելու կամ սպասում հաջորդ տարվան:

Ուսանողների հետ զրույցում «Ալիք Մեդիան» պարզեց, թե ինչքան գումար են նրանք ծախսում Թբիլիսիում սովորելու ընթացքում՝ հաշվի առնելով բոլոր ծախսերը, սկսած ուսման վճարից, տան վարձակալությունից, տրանսպորտից մինչև մնացած կենցաղային ծախսերը:

Այսպիսով, մոտավոր հաշվարկներով 5 տարվա ընթացքում հայ ուսանողը, որը չունի պետական ֆինանսավորում, ծախսում է մոտավորապես 35-40 հազար լարի (մոտ 13 հազար ԱՄՆ դոլար): Պետական դրամաշնորհ ունեցող ուսանողների ծախսերը 5 տարում կազմում է ավելի քան 25 հազար լարի (8,5 հազար դոլար):

35-40 հազար լարիի մեջ է մտնում 5 տարվա ուսման վարձը՝ 11․250 լարի (մոտավորապես 3,8 հազար ԱՄՆ դոլար), ինչպես նաև վարձակալած բնակարանի վարձը, ճանապարհածախսը և կենցաղային ծախսերը, որոնք կազմում են մոտավորապես 25 հազար լարի (8,5 հազար դոլար): Ուսանողների հետ զրույցում պարզվեց, որ միջինում նրանք ամսական ծախսում են մոտավորապես 500 լարի, ուստի հաշվի առնելով արձակուրդները՝ տարեկան 5 հազար լարի, որտեղից էլ 5 տարում առաջանում է 25 հազար լարի:

Ուսանող Գոռ Կիրակոսյանն իր 2 ընկերների հետ ապրում է վարձով բնակարանում: Նրանք բնակարանի համար տալիս են 450 լարի վարձ:

«Ամսական ես ծախսում եմ գրեթե 450-500 լարի, տան վարձը ներառյալ:  Նոր ենք ընդունվել համալսարան և սկսել ենք գրքեր առնել, որոնց գինը 15-20 լարի է»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Գոռը:

Ինչ վերաբերում է Մառնեուլիի շրջանից ադրբեջանցի ուսանողներին, նրանց դեպքում ծախսերը մի քիչ այլ կերպ են դասավորված: Էմիլ Ասլանովի խոսքով, ադրբեջանցի ուսանողների մի մասը, ելնելով իրենց բնակավայրի մոտիկ լինելուց, նախընտրում են ամեն օր գնալ գալ: Նրանց համար ամսական ճանապարհածախսը կազմում է մոտավորապես 120 լարի: Հատկանշական է, որ այս օրինակին են հետևում նաև Մառնեուլիի շրջանում ապրող նաև հայազգի ուսանողները:

Հիշեցնենք՝ «1+4» վրացերեն լեզվի ծրագիրը գործում է 2010 թվականից: Այն նախատեսված է Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։ Վրաստանի պետական բուհեր ընդունվել ցանկացողներն արտոնություններից օգտվելով՝ 4 քննության փոխարեն մայրենի լեզվով միայն մեկն են հանձնում: 1 տարի վրացերեն լեզուն ուսումնասիրելուց հետո նրանք տեղափոխվում են բակալավրի առաջին կուրս: