Դոլիձեն ծաղկեպսակ է բերել Գերագույն դատարանի մոտ

Արդարադատության Գերագույն խորհրդի ոչ դատավոր անդամ Աննա Դոլիձեն ծաղկեպսակ է բերել Գերագույն դատարանի մոտ:

Դոլիձեն նման ձևով է արձագանքել խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի 14 դատավորների ընտրությանը և ասել, որ Վրաստանում արդարադատության հույսն այդ դատավորների նշանակմամբ մահացել է:

«Մեր արդարությունը, արդարադատության հույսը մահացավ: Ցավակցում եմ Գերագույն դատարանին, դատավորներին, ցավակցությունս եմ հայտնում նաև կլանին», — ասել է Աննա Դոլիձեն:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի լիագումար նիստում Վրաստանի խորհրդարանը հաստատել է իրավական հարցերի հանձնաժողովի կողմից առաջադրած Գերագույն դատարանի 14 դատավորի թեկնածությունը։

Քվեարկությանը ներկա չեն գտնվել «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները՝ բոյկոտելով  ընտրությունը:

Դատական սկանդալը սկսվել է անցյալ տարեվերջին 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի նախագահ Գիորգի Միքաուտաձեն կայացած նիստում խորհրդարանին էր ներկայացրել Գերագույն դատարանի տասը թեկնածուներին՝ Մարիամ Ցիսակաձե, Նինո Քադագիձե, Միխեիլ Չինչալաձե, Պաատա Սիլագաձե, Դիմիտրի Գվրիտիշվիլի, Մերաբ Գաբինաշվիլի, Նինո Սանդոձե, Թամար Ալանիա, Գիորգի Տկղավաձե և Գիորգի Միքաուտաձե:

Դրանից հետո վրաստանյան շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ Գերագույն դատարանի դատավորների ընտրությունը և դատավորի պաշտոնում Լևան Մուրուսիձեի նշանակումը ի ցույց է դնում դատական համակարգի ողջ ճգնաժամն ու «կլան»-ի ուժի առկայությունը: