2019-ի առաջին քաղաքական սկանդալը․ «դատական համակարգը պետք է փրկել նախկինների կլանից»

Վրաստանում անցյալ տարվա դեկտեմբերից ակտիվ քննարկումներ են ընթանում երկրի պետական իշխանության իրականացման առանցքային համակարգի՝ դատական իշխանության շուրջ:

«Ալիք մեդիան» ի մի է բերել ոլորտում ընթացող գործընթացները՝ փորձելով ներկայացնել դատական սկանդալի պատճառները։

Մի խումբ ակտիվիստներ, այդ թվում իրավապաշտպան կազմակերպություններ դժգոհություն են հայտնում դատական համակարգում տեղի ունեցած որոշ փոփոխությունների, այդ թվում դատավորների մշտական նշանակման հարցի վերաբերյալ:

Նրանք ցույցեր են անում՝ պահանջելով դատական համակարգում առաջնային լուծումներ իրականացնել։

Երկրում արդարադատություն իրականացնող մարմինների անկախության ու արդյունավետության պահանջով վերջերս ձևավորված նախաձեռնող խումբը Վրաստանի խորհրդարանին բաց նամակ (մանիֆեստ) է հղել` ուշադրություն հրավիրելով ոլորտի մի շարք կարևոր խնդիրների վրա։ Ըստ նրանց, համակարգում նախկին իշխանությունների կողմից մինչ օրս կառավարվող «կլանը» տիրացել է Արդարադատության բարձրագույն խորհրդի և ընդհանրապես բոլոր կարևոր պաշտոններին։

«Անկախությունից ի վեր Վրաստանում տարբեր պատճառներով անհնար է եղել ստեղծել անկախ դատական համակարգ: Վրաց հասարակությունը՝ գիտակցելով այս իրողությունը և դրա լուծման անհրաժեշտությունը, հանրային բողոքների է դիմում», — ասված է նամակում։

Երկրի օրենսդիր մարմնին ուղղված մանիֆեստում նշվում է նաև, որ թեև Վարդերի հեղափոխությունից հետո՝ 2004 թվականից ի վեր դատարանները հաղթահարել են կոռուպցիան, սակայն մնացել են գործադիր իշխանության վերահսկողության տակ՝ որպես «հնազանդ, անարդար համակարգ»:

«2012-ի իշխանափոփոխությունից հետո դատական համակարգը որոշ չափով վերականգնել է իր անկախությունը, սակայն մի շարք գործոնների հետ իրական քաղաքական կամքի բացակայության պայմաններում և ոչ արդյունավետ բարեփոխումների արդյունքում չի կարողացել հասնել դատարանների լիակատար անկախությանը»:

Նամակի հեղինակները օրհասական համարելով վերոնշյալ «կլան»-ից դատաիրավական համակարգի փրկությունը, մի շարք պահանջներ են առաջ քաշել՝ նշելով, որ դրանից հետո Վրաստանի խորհրդարանը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ պետք է քննարկի հարցը, անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխություններ անի։

  1. Անմիջապես պետք է հրաժարական ներկայացնեն Արդարադատության բարձրագույն խորհրդի բոլոր դատավորները, այդ թվում նաև գործող խորհրդարանի կողմից ընտրված անդամները, ովքեր 2018 թվականի դեկտեմբերին հաստատեցին Վրաստանի Գերագույն դատարանների դատավորների ցուցակը
  2. Դատավորի պաշտոնից անմիջապես հրաժարական պետք է տա «կլանի» առաջնորդ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն և հնազանդ դատավորի խորհրդանիշ Լևան Մուրուսիձեն

Դատավորների ընտրության հարցը, որ սկանդալի է վերածվել, ըստ նախաձեռնող խմբի, պետք է այսուհետ համապատասխանի ժողովրդավարության արդի պահանջներին:

Դատական սկանդալը սկսվեց անցյալ տարեվերջին 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի նախագահ Գիորգի Միքաուտաձեն կայացած նիստում Խորհրդարանին է ներկայացրել Գերագույն դատարանի տասը թեկնածուներին՝ Մարիամ Ցիսակաձե, Նինո Քադագիձե, Միխեիլ Չինչալաձե, Պաատա Սիլագաձե, Դիմիտրի Գվրիտիշվիլի, Մերաբ Գաբինաշվիլի, Նինո Սանդոձե, Թամար Ալանիա, Գիորգի Տկղավաձե և Գիորգի Միքաուտաձե:

Դրանից հետո վրաստանյան շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ Գերագույն դատարանի դատավորների ընտրությունը և դատավորի պաշտոնում Լևան Մուրուսիձեի նշանակումը ի ցույց է դնում դատական համակարգի ողջ ճգնաժամն ու «կլան»-ի ուժի առկայությունը:

«Բոլոր տասը թեկնածուները հայտնի են որպես կլանի անդամներ, կամ ունեն լավ հարաբերություններ նրանց հետ», — ասում է Transparency International Georgia ՀԿ-ի փաստաբան Օլիկո Շերմադինը:

Վրաստանյան լրատվամիջոցները գրում են, որ Միխեիլ Չինչալաձեն դատական համակարգի ամենաազդեցիկ անձն է համարվարվում, ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանության օրոք․ նա համեմատաբար քիչ գործ է անում, սակայն առանց նրա որոշումներ չեն ընդունվում։ Բողոքի ակցիա մասնակիցները պնդում են, որ նրա առկայությունն ու գործունեությունը նույնպես կլանային համակարգի մասին են խոսում։

Դատական համակարգի շուրջ ստեղծված իրարանցումը ամենայն հավանականությամբ դեռ երկար կմնա ներքաղաքական քննարկումների օրակարգում։