Այսօր Օքուաշվիլիի պատգամավորական լիազորությունները կկասեցվեն

Omega Group-ի հիմնադիր, գործարար Զազա Օքուաշվիլիի` Աջարիայի գերագույն խորհրդի պատգամավորի լիազորություններն այսօր կդադարեցվեն: Արտահերթ նիստում միայն այս հարցն է քննարկվելու:

Օքուաշվիլին Գերագույն խորհրդի պատգամավոր է ընտրվել «Հայրենասերների դաշինք» կուսակցության ցուցակով: Պատգամավորը նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին դիմել է Աջարիայի օրենսդիր մարմնին, խնդրելով կասեցնել պատգամավորական մանդատը: Որոշման պատճառը չի նշվում։

Նշենք, որ Օքուաշվիլիի և Վրաստանի գործող իշխանությունների ու մասնավորապես Բիձինա Իվանիշվիլիի հետ ամիսներ շարունակ անհամաձայնություններ կան, որոնք վերաբերում են կազմակերպության պարտքին, չնայած երկու կողմն էլ իրողությունը այլ կերպ է բացատրում: Օքուաշվիլին հայտարարում է, թե պետությունն իր հանդեպ «ռեկետ» է իրականցնում և դա ապացուցելու համար մի շարք գաղտնի ձայնագրություններ հրապարակեց, իսկ իշխանություններն այս ամենը բացատրում են, թե սրանով Օքուաշվիլին փորձում է 50 միլիոն դոլար պարտքը չմուծել պետբյուջե: