Նինոծմինդայում և Ախալքալաքում սպառնում են ՄԱՇ-ի անդամներին

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների խոսքով, Նինոծմինդայում և Ախալքալաքում իրենց ներկայացուցիչներին ճնշում են և սպառնում: Կուսակցության Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածուին, ըստ ՄԱՇ-ի առաջնորդներից մեկի՝ Խատիա Դեկանոիձեի, սպառնում են զրկել քաղաքացիությունից:

«Ախալքալաքում և Նինոծմինդայում մեր կողմնակիցների վրա անհավանական ճնշումները շարունակվում են։ ՊԱԾ-ի կողմից ճնշումներ են, մարդկանց ահաբեկում են: Փաստացի մեր ցուցակը հանում են, որ ընտրություններին չկարողանանք մասնակցել: Նինոծմինդայի թեկնածուին սպառնում են՝ քաղաքացիությունից զրկելով», -սոցիալական ցանցում գրել է Դեկանոիձեն։

«Ալիք Մեդիան» հարցի շուրջ կապվել է ՄԱՇ-ի Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելիք Ռայիսյանի հետ: Վերջինիս խոսքով, պետական անվտանգության ծառայությունը տեղում փորձում է «շարքից հանել» ՄԱՇ-ի համամասնական ցուցակը:

«Միայն երեկ ցուցակի մի շարք ներկայացուցիչներ դիմում են գրել ու հրաժարվել ընտրություններին մասնակցելուց: Սպառնացել են մեկի աղջկան, մյուսի՝ ծնողներին, երեխաներով են վախեցրել, բարեկամներին աշխատանքից ազատելով․․․ Իսկ Նինոծմինդայի մեր թեկնածուին ընդհանրապես զրկում են քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ այլ երկրի քաղաքացիություն ունի նաև: Իշխող կուսակցության տեղի շատ ներկայացուցիչներ այդ կարգավիճակով պաշտոններ են զբաղեցնում, այս դեպքում, դա ինչպե՞ս է թույլատրվում»,- ասում է Ռայիսյանը:

Նինոծմինդայում և Ախալքալաքում կուսակցության անդամների վրա գործադրվող ճնշումների մասին խոսել է ՄԱՇ-ի մեկ այլ անդամ ևս՝ Լևան Բեժաշվիլին: Նրա խոսքով, պետական անվտանգության ծառայությունը ստիպել է կուսակցության ընտրական ցուցակի որոշ անդամներին հրաժարվել ընտրապայքարից:

ՊԱԾ-ի կողմից ճնշումների ու սպառնալիքների մասին խոսել են նաև այլ կուսակցություններ: Նախօրեին հայտնի դարձավ, որ նույն շրջանում ճնշման տակ են նաև Գախարիայի կուսակցության ներկայացուցիչները: