35 տարվա մեջ` 1-ին անգամ էր. Օդաչուն` Թբիլիսի-Վիեննա վթարային վայրէջքի մասին

 «Georgian Airways» վրացական ավիաընկերության օդաչու Թեմուր Թոլոմաշվիլին մանրամասն խոսել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վթարային  վայրէջքի մասին:

Թբիլիսի-Վիեննա երթուղով թռչող օդանավը կիրակի երեկոյան արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Ինքնաթիռում այդ պահին ավելի քան 150 ուղևոր էր: Մոտ երկու ժամ ինքնաթիռը պտտվել է օդում՝ վառելիքը սպառելու համար:

Ըստ օդաչուի` նա խնդիր է նկատել թռիչքից անմիջապես հետո. Շասսիներից մեկը չի փակվել: Թոլոմաշվիլին դիսպետչերին տեղեկացրել է` չեն կարող բարձրանալ և իջնել ևս:

Որոշում է կայացվել` վերադառնալ Թբիլիսիի միջազգային օդանավակայան: Ստիպված են եղել Թբիլիսիի վրա մի քանի պտույտ անել:

Օդաչուն ընդգծել է, որ անձնակազմն աշխատել է պրոֆեսիոնալ և ներդաշնակ: 25 տարվա փորձ ունեցող օդաչուի համար սա առաջին նման դեպքն է եղել:

Ավիափոխադրող ընկերությունից վստահեցնում են` ինքնաթիռը տեխնիկական ստուգում է անցել մեկնելուց առաջ: Վայրէջքից հետո անսարքությունը վերացվել է: