Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը 112-ում է. լուսանկարներ

Շարունակվում է Հայաստան-Վրաստան բարեկամական հայաստանյան խմբի այցը Վրաստան: Այցի երկրորդ օրը` սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիի ուղեկցությամբ այցելեց ներքին գործերի նախարարության 112 ծառայություն:

Պատվիրակության անդամները ծանոթացան արտակարգ իրավիճակների ծառայության աշխատանքներին:

Ծառայության տնօրեն Գիորգի Արսոշվիլին ներկայացրեց տարիների ընթացքում գրանցված վիճակագրությունը՝ նշելով, որ հատկապես շատ են ստանում ոչ նպատակային զանգեր, սակայն այդ ուղղությամբ ևս աշխատում են․ նախորդ տարվա համեմատ ոչ նպատակային զանգերը նվազել են 52 տոկոսով:

Ծառայության հիմնական առաջնահերթությունն անձնական տվյալների պաշտպանությունն է, այստեղից տեսանյութերը չեն փոխանցվում, եթե չկա երեք գերատեսչության դիմում: Ծառայության գլխավոր մարտահրավերն է հնարավորինս անվտանգ դարձնել ավտոճանապարհային տեղաշարժը:

Կողմերը խոսեցին նաև խելացի տեսախցիկների ու դրանց յուրահատկությունների, ինչպես նաև ճանապարհային կանոնները խախտելու դեպքում տուգանքի գրանցման ընթացակարգերի մասին:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան մեկնարկել է նախօրեին` սեպտեմբերի 25-ին: Սա գործող գումարման խորհրդարանների առաջին հանդիպումն է այս ձևաչափով: Հայաստանյան խմբի այցը Վրաստանում կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը: