Լիտվան Վրաստանին Pfizer պատվաստանյութ կնվիրի

Լիտվայի կառավարությունը որոշել է Վրաստանին նվիրել Pfizer-Biontec կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 310 դեղաչափ։  Այս մասին տեղեկացնում է Լիտվայի դեսպանությունը։

«Նոյեմբերի 17-ին Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Վրաստանին նվիրել 50 310 դեղաչափ Pfizer-Biontec պատվաստանյութ:

Լիտվան շարունակում է աջակցել գործընկեր երկրներին Covid-19 համաճարակի դեմ պայքարում, որի շրջանակներում հուլիսին Վրաստան է ուղարկվել Astrazeneca-ի 15 000 պատվաստանյութ»,- ասվում է հաղորդագրությունում։

Լիտվան մոտ կես միլիոն՝ 455 900 դեղաչափ Astrazeneca պատվաստանյութ է նվիրաբերել Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, Հայաստանին և Թայվանին։ Եվս 60 հազար դեղաչափ պատվաստանյութ էլ նվիրաբերվել է Տաջիկստանին։

Նշենք, որ մինչ օրս Վրաստանում չափահաս բնակչության 34%-ն է անցել պատվաստումների ամբողջական կուրսը, ինչն ըստ մասնագետների` ցածր ցուցանիշ է։

Նոյեմբերի 9-ից Վրաստանում թույլատրվում է նաև 12 տարեկանից բարձր դեռահասներին պատվաստվել Pfizer պատվաստանյութով։

2022 թվականին Վրաստանի իշխանությունները պատրաստվում են 500 միլիոն լարի (160 մլն դոլար) ծախսել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր