Վրաստանի մշակույթի նոր նախարար Մաիա Բիթաձեն երկու նոր տեղակալ ունի։ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ նախարարի տեղակալների պաշտոնում նշանակվել են Թամար Շարաշիձեն և Նաթիա Շամաթավան։
Մինչ նոր նշանակումները կադրային փոփոխությունների շրջանակում Մաիա Բիթաձեն պաշտոնից ազատել էր երկու տեղակալի՝ Գիորգի Միրցխուլավային և Գրիգոլ Ցերցվաձեին։
Պաշտոնը պահպանել է Միխեիլ Կիկնաձեն, որը նշված պաշտոնում նշանակվել էր նախկին նախարար Թինաթին Ռուխաձեի հեռանալուց հետո և անցումային շրջանում նախարարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Միխեիլ Կիկնաձեին մշակույթի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին հրամանագիրը կառավարության աշխատակազմի կայքում հրապարակվել էր սեպտեմբերի 15-ին։
Այժմ մշակույթի նախարարն ունի առաջին տեղակալ՝ Միխեիլ Կիկնաձեն, և երկու տեղակալ՝ Թամար Շարաշիձեն ու Նաթիա Շամաթավան։
Հիշեցնենք, որ նախարարության նախկին ղեկավար Թինաթին Ռուխաձեն պաշտոնից հրաժարվել էր հուլիսի 28-ին։ Նա հրաժարականի պատճառ էր նշել առողջական վիճակը՝ ընդգծելով, որ անհրաժեշտություն է առաջացել անցնել բուժման հատուկ կուրս, ինչի պատճառով չէր կարողանա պատշաճ կերպով կատարել նախարարի պարտականությունները։