Վրաստանում սոցիալական միջոցառումների արգելքը մնում է ուժի մեջ

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, այսօր երկրում մի շարք սահմանափակումներ վերացվեցին: Արգելքներ կվերացվեն նաև առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Օրինակ, մարտի 8-ից երկրի ամբողջ տարածքում ռեստորանները` բացի բացօթյա տարածքներից, հյուրերին կկարողանան սպասարկել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ-կիրակի օրերից:

Ռեստորանների արգելքի վերացումը բնակչության մի մասի մոտ թյուրըմբռնման պատճառ  է դարձել։ Հանրության մի մասը կարծում է, որ ռեստորանների արգելքի վերացումը նշանակում է նաև տարբեր սոցիալական միջոցառումների արգելքի վերացում:

Ինչպես կառավարությունից հայտնեցին «Ալիք Մեդիային», սոցիալական միջոցառումների արգելքը մնում է ուժի մեջ և խախտելու դեպքում ֆիզիկական անձինք կտուգանվեն 2000, իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով:

«Սոցիալական միջոցառումների՝ հարսանիքների, թաղման արարողությունների և այլ միջոցառումների արգելքը մնում է ուժի մեջ: Արգելվում է 10-ից ավել մարդկանց հավաքը նման միջոցառումների ընթացքում»,- մեզ հետ զրույցում հայտնեցին կառավարությունից` նշելով, որ այս սահմանափակումների վերացման վերաբերյալ որևէ նոր որոշում ընդունված չէ: