Գործարկվել է «կանաչ անձնագրի» հավելվածը. ինչպես օգտվել

Վրաստանում քաղաքացիների քովիդ կարգավիճակի մասին տեղեկություն հաղորդող, այսպես կոչված «կանաչ անձնագրի» հավելվածն արդեն գործարկվել է, թեև այն դեռ ուշացումներով է աշխատում։ 

Iphone-ի օգտատերերի համար App Store-ում արդեն հասանելի է GEORGIA e-Health կոչվող հավելվածը, իսկ Android-ի օգտատերերը հավելվածը կարող են ներբեռնել այս հղումով

Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ իրենք արդեն դիմել են Play Store-ին և որոշ ժամանակ անց օգտատերերը կկարողանան հավելվածը ներբեռնել առանց հղման՝ անմիջապես Play Store-ից։ 

Ըստ օգտատերերի, հավելվածը և՛ Apple, և՛ Android սարքերում ուշացումներով է աշխատում, թեև գրանցվել կարողացել են։  

Վրաստանի քաղաքացիներին «կանաչ անձնագիրը» պետք կգա դեկտեմբերի 1-ից, երբ սահմանափակվեն այցելությունները որոշ տեսակի հաստատություններ առանց կանաչ կարգավիճակի վկայականի։ 

Հիշեցնենք՝  «կանաչ» կարգավիճակ կունենա այն անձը, ով երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում PCR և 24 ժամվա ընթացքում արագ թեսթի բացասական պատասխան ունի։

Բացի այդ, հավելվածը հասանելի կլինի ԵՄ 27 երկրում, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող 22 երկրներում։  Սմարթֆոն չօգտագործողները կարող են դիմել Արդարադատության տուն և ստանալ «կանաչ անձնագիր» տպագիր տեսքով։  Վրաստանի քաղաքացիները այս փաստաթղթով և դիմումով կկարողանան մեկնել 49 երկիր։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր