Լուկաշենկոն գոհ է Ռուսաստանի և Բելառուսի հետ Վրաստանի «նորմալ հարաբերություններից»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գոհ է Ռուսաստանի և Բելառուսի հետ Վրաստանի «նորմալ հարաբերություններից»։ Radiotavisupleba լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է փետրվարի 26-ին՝ ի պատասխան Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցությունը սառեցնելու մասին հայտարարությանը։

«Փառք Աստծո, Վրաստանը նորմալ հարաբերություններ է հաստատում, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, մեզ հետ, տնտեսությունն աճում է։ Արևմուտքում հեշտ հաց են ճաշակել։ Ամերիկացիներն արդեն մոռացել են Վրաստանը: Հենց վրացիները սկսեցին պնդել, որ իրենց երկիրն ազատ է և ինքնիշխան, Արևմուտքը սկսեց ճնշում գործադրել նրանց վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ը։ Այսպիսով, դուք պետք է համապատասխան եզրակացություն անեք: Արևմուտքում նրանք ոչ մեկին պետք չեն, հազար խնդիր կա»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքերով, այսօր, օրինակ, «Բայդենը ԱՄՆ-ում օգնում է Ուկրաինային, Հայաստանին և այլն»։ «Վաղը կառավարությունը կփոխվի, և Թրամփը կասի. «Լսեք, ես ձեզ չեմ ճանաչում, ընկերներ, առաջին անգամ եմ տեսնում ձեզ», — հավելել է նա։

Լուկաշենկոն շարունակել է խոսել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմակերպությունից դուրս եկած Վրաստանի մասին. «Դուրս գալը հեշտ է, բայց մտնելը դժվար կլինի։ Օրինակը կրկին Վրաստանն է: Նա լքեց ԱՊՀ-ն ու բոլոր կառույցները։ Արդյո՞ք սա ավելի լավ է նրա համար: Ո՜չ, նախընտրելի է վերադառնալ։ Բայց վերադառնալը միշտ ավելի դժվար է»:

Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել «չշտապել և կտրուկ շարժումներ չանել»։ Միաժամանակ նա կարծում է, որ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա կազմակերպությունը «չի փլուզվի»։

Նշենք նաև, որ վերջին շրջանում պաշտոնական Մոսկվան ևս պարբերաբար խոսում է Վրաստանի ներկա իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ գովաբանելով նրանց: Վրաստանի քաղհասարակությունը և ընդդիմությունը դժգոհում են Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից և նրանց մեղադրում ռուսամետ քաղաքականության մեջ: Ըստ նրանց՝ ռուսամետ քաղաքականությունը վնասում է Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին, որն ամրագրված է Վրաստանի Սահմանադրությամբ, և, որին աջակցում է Վրաստանի բնակչության 80 տոկոսից ավելին:

Հիշեցնենք. Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը առաջարկեց մի շարք այլընտրանքային միութենական գաղափարներ և փորձեց միավորել նախկին «եղբայր հանրապետությունները» մի շարք ձևաչափերով։ 1991 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվեց ԱՊՀ-ն:

Վրաստանը ԱՊՀ անդամ է դարձել 1993 թվականին, դուրս է եկել կազմակերպությունից 2009 թվականին՝ օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո։ 2018 թվականին ԱՊՀ-ից դուրս եկավ նաև Ուկրաինան, իսկ Մոլդովան սկսել է աշխատել այդ ուղղությամբ։

2002 թվականին ստեղծված ՀԱՊԿ-ի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Փետրվարի 22-ի երեկոյան ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ այս միությունը չի կատարել անվտանգության ոլորտում Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները։ Հարցին, թե Հայաստանը դուրս կգա՞ կազմակերպությունից, Փաշինյանը պատասխանել է, որ ապագան ցույց կտա։

Ռուսաստանի ազդեցության տակ գործող ՀԱՊԿ-ին Երևանը մեղադրում է Լեռնային Ղարաբաղի հարցում հայ-ադրբեջանական հակամարտության անգործության մեջ։