Մահացել է լեգենդար վրաց կոմպոզիտոր Գիա Կանչելին

84 տարեկան հասակում մահացել է վրաց հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելին: Վերջերս Գիա Կանչելիի առողջական վիճակը վատթարացել էր: Նա բուժում էր ստանում Թբիլիսիի վրաց-իսրայելական սրտաբանական և անգիոլոգիայի կենտրոնում:

Գիա Կանչելին սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների, բազմաթիվ ներկայացումների և տասնյակ կինոնկարների երաժշտության հեղինակ է:

Կանչելին նաև հայ ժողովրդի մեծ բարեկամն էր, և տարվա մեջ մի քանի օր Հայաստանում անցկացվում էր Գիա Կանչելիին նվիրված փառատոն՝ հնչեցնելով նրա ստեղծագործությունները։

Գիա Կանչելին ծնվել է Թբիլիսիում, բժշկի ընտանիքում։

Ավարտել է երաժշտական դպրոց, իսկ հետո՝ 1959 թվականին, Թբիլիսիի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետն ու միայն դրանից հետո ընդունվել է Թբիլիսիի կոնսերվատորիան և 1963 թվականին ավարտել կոմպոզիցիայի բաժինը:

1970 թվականից դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայի գործիքագիտության բաժնում։ 1971 թվականից վարել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի երաժշտական մասը։ 1979 թվականից Վրացական ԽՍՀ Կոմպոզիտորների միության քարտուղարն է եղել: