ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 15-րդ անգամ ընդունել է օկուպացված տարածքներից փախստականների կարգավիճակի վերաբերյալ բանաձևը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան տասնհինգերորդ անգամ ընդունել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններից փախստականների կարգավիճակի վերաբերյալ բանաձևը:

Նշենք, որ բանաձևը դատապարտում է բռնի ժողովրդագրական փոփոխությունը Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում և վերահաստատում հարկադիր տեղահանվածների՝ անկախ և արժանապատիվ տուն վերադառնալու իրավունքը։

Բանաձևը հանձնարարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տարեկան զեկույց պատրաստել Վրաստանում բնակվող տեղահանվածների իրավիճակի և բանաձևի կատարման վերաբերյալ։

Այն նաև կոչ է անում Ժնևի բանակցությունների մասնակիցներին ակտիվացնել իրենց ջանքերը՝ ուղղված Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջաններում անվտանգության և մարդու իրավունքների վիճակի բարելավմանը:

Նշենք, որ բանաձևին աջակցել է 95 պետություն, մինչդեռ անցյալ տարի աջակիցների թիվը 80 էր։ Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Բուրունդին, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Լաոսը, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վիետնամը և Զիմբաբվեն։

Հիշեցնենք, որ Վրաստանն այս բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային է ներկայացրել 2008 թվականի մայիսին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության կարծիքով՝ բանաձևի կողմնակիցների տարեկան աճի դինամիկան պետք է համարել վրացական դիվանագիտության մեծ հաջողություն։