Մանրամասնություններ երեխաներին տրվող 200 լարիի օգնության մասին

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մինչև 17 տարեկան քաղաքացիները պետությունից միանվագ 200 լարիի օգնություն կստանան։ Այս մասին հայտարարել էր Վրաստանի վարչապետը։
Ավելի ուշ Առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն պարզաբանել էր, թե ինչպես և երբ են ստանալու քաղաքացիները նշված օգնությունը։
Նախարարի խոսքով՝ մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաները ֆինանսական օգնությունը կստանան մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը՝ սեպտեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։
Նախարարի խոսքով՝ մանրամասները հայտնի կդառնան հաջորդ շաբաթվանից։ Այս պահին նախարարությունը աշխատում է փոխհատուցում տալու փաստաթղթերի վրա և  նախարարության որդեգրած սկզբունքը փաստաթղթերի առավելագույն հեշտ լինելն է։ Տիկարաձեն նշել է, որ հասանելի կլինի հատուկ հարթակ, որտեղ հնարավոր կլինի ներբեռնել փաստաթուղթը և մինչև ուսումնական տարվա սկիզբը ստանալ փոխհատուցումը։