Մարիխուանայի արտադրումն ու արտահանումը խիստ կվերահսկվի. Բախտաձե

Վրաստանի կառավարությունը կքննարկի մարիխուանա աճեցնելու և բժշկական նպատակներով այն արտահանելու հարցը։ Այս մասին այսօր կառավարության նիստին տեղեկացրել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ խոսելով ներքին գործերի նախարարության պատրաստած օրինագծի մասին։

Վարչապետը նշել է, որ գործընթացը խստորեն պետք է վերահսկվի՝ խառնաշփոթից և անօրինական քայլերից խուսափելու համար: Ըստ Բախտաձեի՝ մարիխուանայի գովազդի համար պատիժը ևս կխստացվի:

«Մարիխուանայի օգտագործման մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կանգնած ենք նոր իրավական իրողության առջև. մասնավոր տարածքում մարիխուանայի օգտագործումն այլևս չի համարվում հանցագործություն կամ վարչական իրավախախտում: Երբ այս որոշումը հրապարակվեց, հիշո՞ւմ եք, որ ես հանձնարարեցի ներքին գործերի նախարարությանը պատրաստել համապատասխան օրինագիծ, որը կստեղծի շատ խիստ շրջանակներ, մարիխուանայի հանրային տարածքում օգտագործման համար: Համապատասխանաբար, պատրաստվել է նոր օրինագիծ, որը կքննարկվի այսօր կառավարության նիստում, այնուհետև կուղարկվի խորհրդարան», — ասել է Բախտաձեն:

Վարչապետի խոսքերով, «մարիխուանայի օգտագործումն արգելվում է. հասարակական վայրերում, հասարակական տրանսպորտում, անչափահասների ներկայությամբ, 18 տարեկանից ցածր անձանց, ուսումնամեթոդական հաստատությունում»: