Մարտի 27. Թատրոնի օր՝ առանց թատրոնի շենքի ու դերասանների

Մարտի 27-ը թատրոնների միջազգային օրն է: Սովորաբար այս օրը դերասանները նշում են միասին, թատրոնները ներակայացումներ են ունենում: 

Արտակարգ դրության պայմաններում, երբ արգելված է մեծ թվով մարդկանց ներկայությունը մեկ վայրում, տոնը նշելու որևէ տարբերակ չկա: Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը այս տարի ևս չի խախտել թատրոնի տոնին հայոց մեծերի շիրիմներին այցելելու ավանդույթը: Թատրոնի տնօրեն Լուիզա Խաչատուրովայի հետ ծաղիկներ են զետեղել Խոջիվանքի պանթեոնում հանգչող մշակութային գործիչների շիրիմներին:

Ապա այցելել են Թբիլիսի հայկական թատրոնի շինհրապարակ: Արտակարգ դրությունը որևէ կերպ չի խանգարել, որ թատրոնի շենքի շինարարությունն ընթանա նույն տեմպով: Շենքի դրսի աշխատանքները վաղուց ավարտված են, շինարարը խոստանում է տարեվերջին շենքը հանձնել տերերին:

Այս տարի Վրաստանի մշակույթի նախարարության առաջարկով՝ բոլոր թատրոնները մարտի 27-ին նվիրված որևէ բեմադրություն են ներկայացնելու հանդիսատեսին, ավելի ճիշտ՝ օգտատերերին: Սոցցանցերում կտեղադրվեն ներկայացումների տեսագրությունները: Թբիլիսիի հայկական պետական դրամատիկականը ևս միացել է նախաձեռնությանը, թատրոնի յութուբյան էջում կտեղադրվի Արմենուհի Սիսյանի հեղինակած ու Արմեն Բայանդուրյանի բեմադրած՝ «Ագռավն ասաց» մոնոդրաման, դերում՝ Աշոտ Սիմոնյան:

Բացի այդ, հանդիսատեսի հետ մշտական կապը պահելու նպատակով թատրոնները, այդ թվում նաև հայկական դրամատիկականը, յուրաքանչյուր շաբաթ մեկական բեմադրություն են ներկայացնելու առցանց հանդիսատեսի: Օգտատերերն արդեն դիտել են «Մեղադրական եզրակացությունը»՝ վրացերենով: 

Ի դեպ, թատրոնները ուսումնական հաստատություններից հետո առաջինն էին, որ դադարեցրին գործունեությունը՝ կորոնավիրուսի տարածման վտանգն ի հայտ գալուց հետո: