ՄԱՇ-ը նոր նախագահ ունի. խոստումը՝ ամեն կերպ հասնել Սաակաշվիլիի ազատ արձակմանը

Վրաստանի ամենամեծ և ազդեցիկ, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը նորընտիր նախագահ ունի` Լևան Խաբեիշվիլի: Համախոհները Խաբեիշվիլիից ակնկալում են առավելագույն ակտիվություն և Սաակաշվիլիին բանտից ազատումը։ Հիշեցնենք, որ Խաբեիշվիլին 5 180 ձայնով (52,58 տոկոսով) հաղթել է ՄԱՇ-ի արդեն նախկին նախագահ Նիկա Մելիային. նա հավաքել է 40 տոկոս ձայն:

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Մելիայի կողմնակիցները մեկը մյուսի հետևից լքում են կուսակցության շարքերը, իսկ Խաբեիշվիլին պայքարը սկսում է 12 կետանոց ծրագրով։ Նրա խնդիրն է ուժեղացնել կուսակցությունը և «բանակ ստեղծել ռազմաճակատ գնալու համար»։

Ինչ է կատարվում ՄԱՇ-ում ընտրություններից հետո, և իրադարձությունները ինչպես կարող են զարգանալ

Այն բանից հետո, երբ Խաբեիշվիլին ընտրություններում հաղթող հռչակվեց, սոցցանցերում կուսակցության կողմնակիցները, այդ թվում՝ հեգնանքով, ակտիվորեն հիշեցնում էին Խաբեիշվիլիի նախընտրական հայտարարությունների մասին, ըստ որոնց` «անհրաժեշտության դեպքում Խաբեիշվիլին ֆիզիկական ուժ կկիրառի Սաակաշվիլիին ազատելու համար» և չի խուսափի կլինիկա մտնելուց։

Խաբեիշվիլիի հաղթանակից հետո կուսակիցների հնչեցրած հայտարարություններն ու ներկուսակցական իրադարձությունները

Չնայած նախընտրական լարված դիմակայությանը, կուսակցության նախկին նախագահ Մելիան շնորհավորել է մրցակցին հաղթանակի կապակցությամբ և ասել, որ կուսակցության համար կարևոր է «իշխանության խաղաղ փոխանցման պրակտիկայի» պահպանումը։ Սակայն, ճեպազրույցում նա բազմիցս կրկնել է, որ կուսակցությունը պետք է կառավարել «արժանապատվորեն ու ճշմարտությամբ»։

Մելիան նշել է, որ կմնա կուսակցության շարքերում` « քանի դեռ Սաակաշվիլին ռուսական ռեժիմի անձնական գերին է»:

Խաբեիշվիլիի հաղթանակից հետո որոշ ՄԱՇ քաղաքական գործիչներ լքում են իրենց կուսակցական պաշտոնները: ՄԱՇ-ի քաղխորհրդի նախագահի պաշտոնը և քաղխորհուրդը լքել է Կոբա Նակղոփիան: Սակայն, նրա հավաստմամբ՝ ինքը կուսակցությունում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Սաակաշվիլին ազատ չի արձակվել և տեղափոխվել բուժման արտերկիր:

ՄԱՇ-ի քաղաքական քարտուղար, քաղխորհրդի փոխնախագահ Ակակի Մինաշվիլին ևս լքել է պաշտոնը. «Հաղթողը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն լրացնելու կառավարման օղակը»:

Պաշտոնից հեռացել է նաև ՄԱՇ-ի Բաթումիի գրասենյակի ղեկավար Գիորգի Կիրթաձեն. «Բայց դա չի նշանակում, որ ես անձամբ կամ կուսակցության որևէ անդամ դուրս ենք գալիս ՄԱՇ-ից»:

ՄԱՇ կուսակցության նախագահի թեկնածու Գիորգի Մումլաձեն ևս շնորհավորել է Խաբեիշվիլիին ներկուսակցական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Մումլաձեն ընտրություններում հավաքել է 3,68 տոկոս։

Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, Խաբեիշվիլիի հաղթանակից հետո ասել է, որ, չնայած Սաակաշվիլիին այլևս չի հետաքրքրում վրացական քաղաքականությունը կամ կուսակցությունը, այնուամենայնիվ երրորդ նախագահը ցանկանում է պահպանել կուսակցության ամբողջականությունը:

«Մեծ ցանկություն կա, որ բոլորը հիշեն` միասնության մեջ կա ուժ, և փլուզման մասին խոսք չի կարող լինել»,- ասել է Ալասանիան։

Իշխող կուսակցությունում Խաբեիշվիլիի հաղթանակը ՄԱՇ-ին «արժանի են» որակում

«Վրացական երազանք»-ի պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեի կարծիքով, ՄԱՇ-ի նոր նախագահը «ավելի շատ ավերածություններ կբերի կուսակցությանը: Նրա գնահատմամբ՝ Խաբեիշվիլիի հաղթանակը կուսակցությանը ոչ մի հաջողություն չի բերի։

«Վրացական երազանք»-ի անդամ Իրակլի Զարկուան շնորհավորել է Խաբեիշվիլիին: Նա ասել է, որ ուրախ կլինի, եթե Խաբեիշվիլին դասեր քաղի իր նախորդների սխալներից և աշխատի այդ սխալներն ուղղելու ուղղությամբ:

«Վրացական երազանքի» մեկ այլ պատգամավոր Դավիթ Մատիկաշվիլին նշել է, որ Խաբեիշվիլին անվրեպ արտահայտում է ՄԱՇ-ի ապակառուցողական և կիսահում դեմքը:

Քաղաքագետներն ընտրությունները դրական են գնահատում, սակայն չեն շրջանցում Խաբեիշվիլիի «արմատական» լինելը

Քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ Դավիթ Զուրաբիշվիլիի խոսքով, իրեն չի զարմացնում Խաբեիշվիլիի հաղթանակը, ոչ էլ Մելիայի մնալը կուսակցությունում: Նրա խոսքով, ՄԱՇ-ի վարկանիշին մեծ անկում չի սպասվում:

«Չեմ սպասում, որ այսուհետ ՄԱՇ-ը կունենա նախկինից էականորեն տարբեր օրակարգ։
Իսկ ընդհանրապես, եթե հնարավոր չլինի ձևավորել քաղաքական ուժ կամ ուժեր, որոնք հասարակության ազգային ու ապազգային հատվածների կողմից կընկալվեն որպես իշխանության դեմոկրատական ​​այլընտրանք, ապա ՄԱՇ-ի նախագահի անուն-ազգանունը ոչ մի նշանակություն չունի, քանի որ երկկուսակցական բևեռացման ֆոնին իշխող կուսակցութունը մնալու է իշխանության ղեկին նաև 2024 թվականից հետո»,- նկատել է Զուրաբիշվիլին:

Քաղաքական մեկնաբան Վախթանգ Փաբիրաձեն դրական է գնահատել ներկուսակցական դեմոկրատական ​​գործընթացը, որը, նրա կարծիքով, ստվերվել է Վրաստանի յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ի հայտ եկած գործընթացով:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին ևս դրական է գնահատել ժողովրդավարական գործընթացը և կարծում է, որ եթե կուսակցությունը հաղթահարի ներկայիս ճգնաժամը, հաջորդը կգա մինչև 2024 թվականը, երբ կսկսի աշխատել ընտրական կուսակցական ցուցակի վրա։

«Հասարակության մեջ ռադիկալիզմն ու հեղափոխությունները նախընտրելի չեն։ Մելիան նույնպես արմատական ​​էր, բայց արթնացավ, հասկացավ իրականությունն ու դարձավ քաղաքական գործիչ։ Հուսանք՝ Խաբեիշվիլին կհասկանա, թե ինչ լուրջ պաշտոն է զբաղեցնում ու կսկսի ավելի չափավոր քաղաքականություն իրականացնել։ Ցանկացած արմատականություն կաշխատի միայն ՄԱՇ-ի դեմ, և հաջորդ անգամ դա կարող է նորից ներքին պառակտումների հանգեցնել»,- ասել է Զաքարեիշվիլին:

Նշենք, որ ՄԱՇ-ի նախագահի ընտրության քվեարկությունը սկսվել է հունվարի 28-ին, ժամը 10-ից հետո և ավարտվել հունվարի 30-ին, ժամը 10-ին։ Ընտրություններին գրանցվել է 49 հազար 638 մարդ։ Նրանցից քվեարկել է 41 հազար 264-ը։

Ի դեպ, 2022 թվականի նոյեմբերի 9-ին ՄԱՇ-ի անդամների մի մասը դիմել էր կուսակցության նախագահի ընտրությունների անցկացման խնդրանքով։ Նույն օրը կուսակցության արդեն նախկին նախագահ Նիկա Մելիան ասել էր, որ ընտրություններն իր համար ամենահարմար գործընթացն են, և ինքը պատրաստ է դրա մեկնարկին։